«Կեցցե մեր հայրենի ոստիկանությունը, այո դա դեռ ողջ պոտենցիալը չէր: Սա նոր Հայաստանն է, որտեղ լրագրողներին փռում են ասֆալտին»,- գրառումը՝ լրագրող Մարգարիտա Դավթյանն է հրապարակել։ Նա այսօր ԱԱԾ շենքի դիմաց տեղի ունեցած քաշքշուկի մասնակից է եղել։
Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից։ Մինչ լրագրողներն ու համակիրները փորձում էին մոտենալ նրան, ոստիկանները գործողություններ իրականացրին՝ քաղաքացիներին և լրագրողներին բռնի ուժով հեռացնելով ԲՀԿ առաջնորդի մեքենայից։
Լրագրողների հարցին, թե ինչու նման բիրտ ուժ կիրառվեց լրագրողների նկատմամբ, և ինչու իրենց գցեցին գետնին ու քարշ տալով հեռացրին Գագիկ Ծառուկյանից, Երևանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանը պատասխանեց՝ շատ սուբյեկտիվ եք մեկնաբանում։
Մինչ լրագրողները լքում էին տարածքը, ոստիկաններից մեկը նշեց՝ դա իրենց ամբողջ պոտենցիալը չէր։