կարևոր
2839 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-16 21:50

Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ ԱԱԾ-ից․ խոչընդոտվել է լրագրողների և օպերատորների աշխատանքը

Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ ԱԱԾ-ից․ խոչընդոտվել է լրագրողների և օպերատորների աշխատանքը

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ ԱԱԾ շենքից։ Լրագրողների հետ հանդիպմանը եւս մեկ անգամ նա շեշտեց, որ սա «շինծու և կեղծ գործ» է, խորհուրդ տվեց ևս մեկ անգամ դիտել ԱԺ-ում ավելի վաղ տեղի ունեցած իր ելույթը, ապա խոսելով հետագա քայլերի մասին, նշելով․

«Ոչ մի հիմնավորում չկա, շինծու գործ, ռեալ բան չկա։ Իմ դեմ ցուցմունք չկա։ Որևիցե բան իմ հետ կապված չկա, որևիցե մի խնդիր չկա, որևիցե մի հարցով կառավարման հետ ես ոչ մի կապ չունեմ, իսկ մնացածի հետ, եթե որևիցե մեկը բան կա ասելու, կարա գա՝ առերեսման։ Սարքած գործ ա, դատարանում կքննվի, բոլորդ կտեսնեք»։

Ապա հավաքվածներին դիմելով Ծառուկյանը կոչ արեց․ «Տուն եք գնում բոլորդ»։
ԲՀԿ նախագահի այս խոսքերից հետո քաշքշոց սկսվեց ոստիկանների և տեղում աշխատող լրագրողների, նաև օպերատորների միջև։ 

Տևական ժամանակ իրավիճակը չէր հանդարտվում։ Բազմաթիվ լրագրողներ պնդում են, որ ոստիկանների կողմից խոչընդոտվել է իրենց աշխատանքը։ Վերջինների նկատմամբ ուժ է կիրառվել։

Նշենք, որ այսօր՝ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն է տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։