կարևոր
1865 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-16 20:59

Արաբկիրի ոստիկանները ձերբակալել են «Տելեգրամ»-ով թմրամիջոց վաճառելու փորձ կատարած անձին

Արաբկիրի ոստիկանները ձերբակալել են «Տելեգրամ»-ով թմրամիջոց վաճառելու փորձ կատարած անձին

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները և անչափահասների գործերով ծառայողները վարչական շրջանում շրջիկ ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ են ստացել ու, մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկել Երևանի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդի։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Մերսեդեսի» զննությամբ հայտնաբերվեց ապակե և պլաստմասսե 15 տարա՝ լցված մարիխուանայի նմանվող զանգվածներով, որոնց ընդհանուր քաշը գերազանցում էր 230 գրամը։ Բերման ենթարկվածի հայտնածով` տարաներում թմրամիջոց էր։

Հետագա միջոցառումներով Արաբկիրի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ բերման ենթարկվածը փորձել է «Տելեգրամ» բջջային հավելվածի միջոցով թմրամիջոց իրացնել տարբեր անձանց, ուստի մարիխուանայով լցված նմանատիպ տարաներ է թողել Արաբկիր վարչական շրջանի տարբեր հատվածներում։ Այդ տարաները ևս հայտնաբերվեցին։ Դրանց ընդհանուր քաշն էլ գերազանցում էր 100 գրամը։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

26-ամյա երիտասարդը ձերբակալվել է։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Հանգամանքները պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։