17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Մենք նախնական տեղեկություն ունենք, որ քիչ անց Գագիկ Ծառուկյանը պետք է դուրս գա: Հիմա կսպասենք հետագա զարգացումներին: Այս մասին ԱԱԾ-ի մոտ, որտեղ հարցաքննվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, լրագրողների հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Լուրը հաղորդում է tert.am-ը։
Նա նշել է, թե այս պահին Ծառուկյանի հարցաքննության ընթացքի մասին մանրամասների չեն տիրապետում:
Հարցին՝ այսինքն՝ Ծառուկյանը չի՞ ձերբակալվելու, Էնֆիաջյանն արձագանքել է, թե նախնական տեղեկություններ ունեն, որ նա դուրս կգա:
Էնֆիաջյանը հայտնել է նաև, թե այսօր էլ Ծառուկյանի ու ԲՀԿ աջակիցներին բերման են ենթարկել ոստիկանություն.
«Այսօր էլ Երևանի ոստիկանության բաժանմունքում տեղ չի եղել, սկսել են Էջմիածնի, Մասիսի, Արարատի բաժանմունքներ տեղափոխել մարդկանց: Ընդ որում, դրանից հետո էլ եղավ մի ժամանակահատված, որ այնտեղ էլ տեղ չէր մնացել, և մարդկանց պարզապես հեռացնում էին տարածքից և բաց էին թողնում»,-հայտարարել է Էնֆիաջյանը:
Ինչ վերաբերում է հարցին՝ իրենք շարունակու՞մ են պահանջել Կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ԱԺ փոխխոսնակը պատասխանել է, թե իրենց համոզմունքն ու մոտեցումները չեն փոխվել. «Եթե ոլորտներում կան ձախողումներ, արդյունքներ չկան, այդ ոլորտի պատասխանատուների հետ ի՞նչ կերպ են վարվում»,-ասաց նա՝ նշելով, թե շարունակում են հրաժարական պահանջել:
Էնֆիաջյանը հայտնել է, թե տարբեր քաղաքական ուժերի, անհատների, ՀԿ-ների հետ, որոնք իրենց մտահոգությունն են հայտնում՝ այս իրավիճակի հետ կապված, կայանալու են հանդիպումներ: