Երեքշաբթի առավոտյան Նաիրա Զոհրաբյանը ահազանգել էր, որ Կենտրոնի քննչական բաժնի քննիչ ու հայտնել, որ պատրաստվում են ԲՀԿ կենտրոնական գրասենյակում գտնվող իր աշխատասենյակում խուզարկություն կատարել։
Այնուհետև Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ ձեռնարկվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ և պարզվել է, որ Նաիրա Զոհրաբյանը համախոհների հետ ունեցած խոսակցությունների ընթացքում բազմիցս ընդունել է այն փաստը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախկին տարիներին անցկացված ընտրություններում անհրաժեշտ քանակի ձայներ կարողացել է ապահովել բացառապես ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք բաժանելու արդյունքում՝ բառացիորեն հայտնելով հետևյալը․
«…պարզվեց՝ ԲՀԿ-ն առանց ընտրակաշառքի Հայաստանում ձեն չունի…պիտի ճշմարտության երեսին նայե՞նք, թե՝ չէ, էդ ա…, իրականությունը էդ ա…»:
Aravot.am-ը այս մասին զրուցել է Նաիրա Զոհրաբյանի պաշտպան Դավիթ Ավագյանի հետ։ Ըստ նրա, ոստիկանության գործողությունները ակնհայտորեն իրավաչափ չէին․
«Կատարել է խուզարկություն քննչական գործողությունը Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակում։ Սակայն, պետք է նշել, որ Նաիրա Զոհրաբյանը օժտված է պատգամավորական անձեռնմխելիությամբ, իսկ խուզարկություն քննչական գործողությունը ինքնին ենթադրում է արդեն բովանդակային առումով քրեական հետապնդում, ինչը պատգամավորական անձեռնմխելիության պայմաններում հնարավոր չէ։ Սակայն, Նաիրա Զոհրաբյանի պատգամավորական անձեռնմխելիությունը չհաղթահարած, փաստորեն կատարվել է խուզարկություն քննչական գործողություն, ինչը մենք իրավաչափ չենք համարում»։