կարևոր
1430 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-16 17:48

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի հետ

Հունիսի 16-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Սերբիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ Լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Հայաստանի և Սերբիայի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավարները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման և սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման ուղղությամբ  ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ:

Արտգործնախարարները գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև բարձր մակարդակով հաստատված քաղաքական երկխոսության դրական դինամիկայի կապակցությամբ և վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ համատեղ ջանքեր գործադրել համագործակցությունն առավել ընդլայնելու ուղղությամբ, այդ թվում բարձրաստիճան փոխայցերի և հանդիպումների միջոցով։

ՀՀ ԱԳ նախարարը բարձր գնահատեց նախարար Դաչիչի ներդրումը հայ-սերբական համագործակցության ընդլայնման ուղղությամբ և այս համատեքստում առանձնապես կարևորեց Հայաստանում Սերբիայի դիվանագիտական ներկայացուցչություն հիմնումը: