Ուզում եմ խոսենք իշխող ուժի անկեղծության ու ազնվության մասին, թե որքանով է այս գործընթացն արդար ու ազնիվ, թե որքանով է այն իրավական և որքանով` քաղաքական: Այս մասին ԱԺ-ում ԼՀԿ խմբակցության անունից ելույթի ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա մի քանի փաստ բերեց, որով վարչապետը, իշխող ուժը լեգիտիմացրել է ԲՀԿ-ին ու նրա նախագահին: «2018-ի օգոստոսի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իջևան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասում է՝ Հայաստանում պետք է արմատախիլ արվի ընտրակաշառքի միջոցով ընտրությունները հաղթելու պրակտիկան, և այն ուժերը, որոնք ընտրակաշառք են բաժանել, չպետք է գան և մասնակցեն ընտրություններին և այլն»,- հիշեցրեց նա:
«2018, հոկտեմբերի 18. «Մուլտի գրուպ» կոնցեռնի հետ համագործակցությամբ Հայաստանում կառուցվող խոշոր բանկինգի ֆերմայի բացմանը Փաշինյանն ասել է՝ Հայաստանում օլիգարխներ չկան, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ պարոն Ծառուկյանը Հայաստանում խոշոր սեփականատեր է՝ պատասխանելով այն հարցին, թե ինքն ասել է, որ օլիգարխներ չեն լինելու խորհրդարանում, բայց Ծառուկյանը, հնարավոր է, առաջադրվի»,- ասաց նա:
Մանրուքյանը հիշեցրեց, որ 2018 թվական հոկտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանը և Գագիկ Ծառուկյանը ստորագրում են հուշագիր, որի 4-րդ կետում գրված է՝ կողմերը պատրաստվում են համատեղ աշխատել երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը բարձրացնելու, Հայաստանի և Արցախի անվտանգությունն ամրապնդելու, Սփյուռքի հետ արդյունավետ համագործակցությունը խորացնելու, Հայաստանում օտարերկրյա ներդրումների իրականցմանը նպաստելու, երկրում խորքային սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ:
«Դեկտեմբեր, 2018 թվական. դեբատ, որի ժամանակ ես պարոն Ծառուկյանի աչքերի մեջ նայելով` ասում եմ՝Դուք գործարար եք, ինչի՞ եք գալիս քաղաքականություն, որից հետո խորհրդարանը ձևավորվում է, ԲՀԿ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն է, ճանաչում ենք, որ այս խորհրդարանը լեգիտիմ է, ամեն ինչ լեգիտիմ է, և հետևաբար մենք պետք է ընտրենք այս խմբակցությունից փոխխոսնակ: Դրանով դուք ճանաչում եք ԲՀԿ առողջ ուժ լինելու հանգամանքը, նաև նախկին հայտարարություններով եք ճանաչում»,- ընդգծեց Մարուքյանը:
Ապա նա հիշեցրեց, որ ԲՀԿ նախագահի ընտանիքում հարսանիք է տեղի ունեցել, հարսանիքին մասնակցել է իշխանության ողջ էլիտան, այդ թվում` վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց՝ մասնականցել են նրանք, որոնք այս օրերին հարցազրույցներ են տալիս Գագիկ Ծառուկյանի մասին, և չեմ ուզում կրկնել այն մտքերը, որ ասվում է: «Սա էլ անկեղծության մասին»,- ասաց Մարուքյանը:
«Եկեք ազնիվ, անկեղծ խոսենք՝ էդ ո՞նց եղավ, երբ ձեզ պետք է, «Բարգավաճ Հայաստանը» լավ ուժ է, Գագիկ Ծառուկյանը խոշոր սեփականատեր է, իր տանը կարելի է գնալ քեֆ անել, հետո գալ մեզ ասել` բա իմացե՞լ եք` ինչ է եղել: Արդյոք օրենքի ընտրողաբար կիրառման հանգամանք չկա, իսկ ընդհանարապես ո՞վ է մեզ՝ ԼՀԿ-ին, կանգնեցրել այս բարդ ընտրության առաջ. երբ հուշագիր էիք կնքում, բա այդ ժամանակ ճանաչել եք այդ մարդկանց լեգիտիմությունը քաղաքական իմաստով, հիմա ո՞նց եք ռևերս անում»,-նշեց նա: