կարևոր
1911 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-16 16:06

Քաղաքական հարցերում համաձայնություն ունենալ-չունենալու հարցը չի կարող կաշկանդել իրավապաշտպան մարմիններին. Լիլիթ Մակունց

Քաղաքական հարցերում համաձայնություն ունենալ-չունենալու հարցը չի կարող կաշկանդել իրավապաշտպան մարմիններին. Լիլիթ Մակունց

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով քվեարկելու են իրենց խղճի և մտքի համոզմունքով: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Մենք երեկ խմբակցության նիստին որոշում ենք կայացրել, որ ուսումնասիրելով դատախազության կողմից ներկայացված միջնորդությունը, ինչպես նաև այսօր հետևելով դատախազի ելույթին, քննարկումներին, հարցերի պատասխաններին, պատգամավորները իհարկե իրենց խղճի և մտքի համոզմունքով, փակ քվեարկության ժամանակ կարտահայտեն իրենց կարծիքը՝ ինչպես միշտ առաջնորդվելով ԱԺ պատգամավորի կոչման և առաքելության սկզբունքով»,-ասաց Մակունցը:

Անդրադառնալով Սասուն Միքայլելյանի բացակայությանը՝ խմբակցության ղեկավար Մակունցն ասաց, որ Միքայելյանը նաև նախորդ քառօրյա նիստին ներկա չի եղել՝ առողջական խնդիրների հետ կապված: Խմբակցության նիստի բովանդակային մասին անդրադարձ նա չկատարեց, սակայն կրկնեց՝ խմբակցության պատգամավորը քվեարկելու է իրենց խղճի և համոզմունքների համաձայն: Անդրադառնալով հարցին, թե խմբակցությունը միակա՞մ է, Մակունցն այս մասին որևէ հրապարակում չարեց՝ շեշտելով, որ քվեարկությունը փակ է:

ԱԺ-ում ժամը 15:00-ից մեկնարկել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգմավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով փակ գաղտնի քվեարկությունը: Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, վերջինիս, որպես մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն համաձայնություն տալու միջնորդությունը ԱԺ հունիսի 15-ի նիստում ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: