կարևոր
1178 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-16 13:43

Ծառուկյանն իրեն վերագրվող գործը համարում է շինծու

Ծառուկյանն իրեն վերագրվող գործը համարում է շինծու

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը իրեն վերագրվող գործը որակում է շինծու, նա վստահեցնում է, որ ընտրակաշառք չի տվել: Ծառուկյանն այս մասին ասաց ԱԺ-ում իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազի միջնորդության ներկայացմանը:

Ծառուկյանի կարծիքով՝ այս գործընթացները հետևել են հունիսի 5-ին ԲՀԿ քաղխհորդի նիստում իր հայտարարությանը և կապված են դրա հետ: 

«Ընտրակաշառքի թուղթ են գտել: Ծառուկյանը գումար տվե՞լ է: Կա՞ այդպիսի ապացույց: Մարդու գլխին գործ են սարքում, մարդուն չեն հարցնում, չկա այդպիսի մարդ, որ ես տված լինեմ: Կա՞ մեկը, որ ասում է Ծառուկյանն այդ գումարը տվել է ինձ, տանեմ կաշառք տամ: Գնացեք իրեն հարցրեք: Մի անգամ հարցնեինք, նոր ընդդիմության ղեկավարին բերեիք: Իմ սկզբունքից հետ չեմ կանգնելու, ես այս երկիրը սիրում եմ, ամեն ինչ արել եմ, շահի համար անողը թող թուրք, ադրբեջանցի լինի, թող դավաճան լինի»,-ասաց Ծառուկյանն ու կարծիք հայտնեց, թե ինքը պարզապես իշխանությանը խանգարել է՝ իրականությունը ներկայացնելով: 

Նա դժգոհեց հեղափոխությամբ իշխանության եկած կառավարության աշխատանքից: «Առաջին օրվանից եմ ասել՝ ձեր կողքին եմ եղել, 1/3-րդը տվել եմ, հրավիրել է, Փաշինյանի հետ ստորագրել եմ հուշագիրը, բոլոր հարցերով ցանկացել եմ աջակցել, որ ժողովրդի սպասելիքն իրականություն դառնա»,-ասաց ԲՀԿ ղեկավարն ու կարծիք հայտնեց, որ սակայն իշխանությունը չի արդարացրել սպասումները, ժողովրդին տված խոստումները չեն կատարվել:

Ծառուկյանը գոհ չէ նաև համավարակի ընթացքում իշխանության ձեռնարկած քայլերից, վարած արտաքին քաղաքականությունից:

«Բերել եմ երկրի համար 20 մլրդ դոլար: Ջավադյանին հարցրեք, Փաշինյանին հարցրեք, որ տնտեսական հեղափոխություն լինի: Տնտեսական հեղափոխություն չի լինում»,-նշեց նա:

ԲՀԿ ղեկավարը շեշտեց՝ ինքն այսօր ընդամենը սեփականատեր է, բոլոր կառույցները կառավարվում են: «Բայց ես ինչ կապ ունեմ կառավարման հետ: Խնդիր, հարց կա, տվեք, կպատասխանեմ»,-ասաց Ծառուկյանը:

ԲՀԿ ղեկավարի խոսքով՝ իշխանությունը ներքին զորքերին է հանել, սակայն իրենք դեռ հանրահավաք չեն արել: Նա վստահեցրեց սակայն, որ երբ արտակարգ իրավիճակը կհանվի այդ ժամանակ հանրահավաք կանեն: 

«Ես պատրաստ եմ ցանկացած հարցի, ցանկացած խնդրի: Օրենքը բոլորի վրա է ազդում: Բայց շինծու գործն ամոթ է: Ես պատրաստ եմ: Դրանով Ծառուկյանին ավելի հերոսացնում եք»,-նշեց նա: