06.07.2022
|
||
---|---|---|
USD | 408.2 +0.68 | |
GBP | 486.74 -7.99 | |
EUR | 416.32 -9.58 | |
GEL | 140.27 -2.22 | |
RUB | 6.61 -0.80 |
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահեցնում է, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող գործով շղթայի մեջ հանցավոր արատ դրսևորած բոլոր կողմերը կանչվելու են պատասխանատվության: Արթուր Դավթյանն այս մասին ասաց ԱԺ-ում պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին և Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին իր միջնորդության ներկայացմանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին:
Անի Սամսոնյանը նշեց՝ ուզում են մեղադրանք առաջադրել պատգամավոր Գագիկ Ծառուկյանին այն բանի համար, որ կաշառք է տվել ընտրությունների ժամանակ, սակայն շեշտեց՝ կաշառք տալն ու ստանալը երկկողմանի գործընթաց է, որի համար պատասխանատվության են կանչվում երկու կողմերն էլ: Նա հետաքրքրվեց, թե կաշառք ստանալու գործով որևէ մեկին մեղադրանք առաջադրվե՞լ է:
«Այս պահի դրությամբ կաշառք ստանալու համար դեռևս որևէ մեկին մեղադրանք առաջադրված չէ: Բայց անպայման այս շղթայի մեջ հանցավոր արատ դրսևորած բոլոր կողմերը կանչվելու են պատասխանատվության: Կանչել պատասխանատվության, օրենքի լեզվով ասած, այսինքն քրեաիրավական գնահատականի են արժանանալու օրենքով սահմանված կարգով»,-ասաց դատախազը:
Դավթյանը վստահեցրեց՝ քրեական գործի արդյունքներով քրեաիրավկան գնահատական են ստանալու առերևույթ հանցանք կատարած բոլոր կողմերը: «Սակայն կարծում եմ՝ շատ լավ հասկանում եք ընտրակաշառք տալու, ընտրակաշառք տալը կազմակերպելու և ընտրակաշառք վերցնելու արարքների հանրային վտանգավորության էական տարբերությունը: Սակայն հանրային վտանգավորությունը չի բացառում քրեաիրավական գնահատականը»,-նշեց նա: