կարևոր
1196 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-16 11:39

Սա մաքուր իրավական գործընթաց է. Գլխավոր դատախազը՝ Ծառուկյանի վերաբերյալ միջնորդագրի մասին

Սա մաքուր իրավական գործընթաց է. Գլխավոր դատախազը՝ Ծառուկյանի վերաբերյալ միջնորդագրի մասին

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մաքուր իրավական գործընթաց է համարում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, վերջինիս, որպես մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն համաձայնություն տալու միջնորդություն ներկայացնելը: Այս մասին Դավթյանն ասել է ի պատասխան ԱԺ փոխխոսնակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանի հարցի:

«Այս փաստաթղթերը հայտնաբերվել են դեռևս փետրվարին հարուցված քրեական գործով կատարված խուզարկությամբ: Այստեղ իմ կողմից ներկայացված միջնորդագիրը բացարձակապես մաքուր իրավական գործընթաց է, սա ոչ մի կապ չունի որևէ քաղաքական գործընթացների հետ»,- ասել է Դավթյանը:

Ազգային անվտանության ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները:

Հունիսի 16-ին ԱԱԾ-ն մեկ այլ հաղորդագրությամբ նշել է, որ ԱԱԾ Քննչական դեպարտամենտում նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալներով տեղեկություններ են ստացվել այն մասին, որ պետական պաշտոնատար անձինք, կազմակերպված հանցավոր մեխանիզմով, 2017 թ. մայիսի 14-ի  Երևանի  ավագանու ընտրություններին՝ ընտրությունների նշանակման օրվանից առաջ և հետո ընկած ժամանակահատվածում, համոզելու, նյութապես շահագրգռելու կամ այլ ապօրինի եղանակով, մայրաքաղաքից դուրս հաշվառված ու այլ համայնքներում ժամանակավոր կամ մշտական բնակության վայր, ինչպես նաև ընտրելու իրավունք ունեցող շուրջ 100-120 հազար ՀՀ քաղաքացիների դրդել են իրենց հաշվառման իրական վայրերից կարճ ժամանակով, ձևականորեն տեղափոխվել և ՀՀ օրենսդրությամբ ու իրավական այլ ակտերով սահմանված պահանջների խախտմամբ, ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր օգտագործելու միջոցով, հաշվառվել  փաստացի նրանց համար ժամանակավոր կամ մշտական բնակության վայր չհանդիսացող՝ Երևան քաղաքի վարչական շրջանների տարբեր հասցեներում, որպիսի պայմաններում հնարավորություն են ստացել նշված անձանց ներառելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրողների ցուցակներում և այդ կերպ Երևանի ավագանու ընտրություններին ապահովել անհրաժեշտ քանակի «կողմ» ձայներ, իսկ ընտրություններն ավարտվելուց անմիջապես հետո նշված անձանց կրկին տեղափոխել և հաշվառել են Երևան քաղաքից դուրս գտնվող՝ իրենց  հաշվառման իրական վայրերում։

Վերոգրյալից բացի, նյութերի նախապատրաստմամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2004 թ. ապրիլի 30-ին հիմնադրված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները, մասնակցելով տարբեր տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում անցկացված Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, իրենց կուսակցության, թեկնածուների, հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ քվեարկելու նպատակով  ընտրողներին անձամբ կամ տարբեր միջնորդների միջոցով տրամադրել  են կաշառք` դրամ, գույք կամ որևէ այլ առավելություն, որպիսի ապօրինի գործողություններով տարբեր ընտրություններին կամ հանրաքվեներին ստացել են իրենց համար  ցանկալի արդյունքներ։

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020 թ. հունիսի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերի, ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի  հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են լայնածավալ քննչական ու դատավարական այլ գործողություններ և  օպերատիվ-հետախուզական միջոցաոռւմներ։

Քրեական գործի նախաքննությամբ անհերքելի փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Նաիրա Զոհրաբյանը 2018 թ. մայիս ամսին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած հեղափոխությանը հաջորդած ընտրությունների արդյունքների  կապակցությամբ համախոհների հետ ունեցած խոսակցությունների ընթացքում բազմիցս վիրավորական արտահայտություններ է հնչեցրել  իրենց կամքն ազատորեն արտահայտած բազմահազար քաղաքացիների նկատմամբ՝  նրանց անվանելով ոչխարներ, աղանդավորներ։

Ավելին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է նաև, որ Նաիրա Զոհրաբյանը նույն համախոհների հետ ունեցած խոսակցությունների ընթացքում  բազմիցս ընդունել է այն փաստը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախկին տարիներին անցկացված ընտրություններում անհրաժեշտ քանակի ձայներ կարողացել է ապահովել բացառապես ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք բաժանելու արդյունքում՝ բառացիորեն հայտնելով հետևյալը. «…պարզվեց՝ ԲՀԿ-ն առանց ընտրակաշառքի Հայաստանում ձեն չունի…պիտի ճշմարտության երեսին նայե՞նք, թե՝ չէ, էտա…, իրականությունը էտա…»:

Խոսակցություններից պարզ է դառնում նաև, որ Զոհրաբյանն ու իր համախոհները ընդունում են, որ հեղափոխություւնից հետո ընտրակաշառք բաժանելու միջոցով հաջողության հասնելու մեխանիզմները կիրառելի չլինեու հետևանքով՝  իրենց կուսակցությունն այլևս հնարավորություն չի ունեցել անհրաժեշտ քանակի քվեներ ապահովել։