կարևոր
1873 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-16 09:47

Փաշինյանի կառավարման շրջանը Հայաստանի պատմության մեջ կմնա որպես անորոշության, տարերային փլուզման և դժբախտության ժամանակաշրջան. Արթուր Վանեցյան․ «Առավոտ»

 Փաշինյանի կառավարման շրջանը Հայաստանի պատմության մեջ կմնա որպես անորոշության, տարերային փլուզման և դժբախտության ժամանակաշրջան. Արթուր Վանեցյան․ «Առավոտ»

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանը Հայաստանի պատմության մեջ կմնա որպես անորոշության, տարերային փլուզման և դժբախտության ժամանակաշրջան:

«Տիրապետող անիշխանության պայմաններում գրեթե բոլոր ոլորտներում շարունակվում են արձանագրվել խայտառակ ձախողումներ: Բայց կա շատ ավելի կարևոր հարց, քան գործող իշխանության ձախողումներն ու տապալումներն են: Քարուքանդ եղած տնտեսությունը հնարավոր է վերականգնել, ավերվող կրթական և սոցիալական համակարգերը հնարավոր է անցնցում վերստեղծել: Կարելի է նույնիսկ վերակառուցել դաշնակից և բարեկամ պետությունների հետ փոխհարաբերությունները, որոնք ստվերվել ու փչացվել են իշխանության հետևողական ապաշնորհության հետևանքով: Այսինքն, Փաշինյանի կողմից ավերված ցանկացած ոլորտ հնարավոր է վերականգնել, միայն թե կամքի, կառավարման կարողության և ճիշտ մարդկանց առկայությամբ:

Բայց այն, ինչի մասին, որ ուզում եմ խոսել, ոչ միայն չափազանց բարդ է վերականգնել, այլ նաև դրա քայքայումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների: Խոսքը հանրային համերաշխության մասին է: Եթե այն ամուր լիներ, ապա մնացյալ խնդիրները (տնտեսական, սոցիալական, պաշտպանական և այլն) կանխատեսելի ու լուծելի կլինեին, բայց խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով հանրային համերաշխությունը դատապարտվել է աստիճանական քայքայման և կազմաքանդման: Արդեն երկու տարի է, ինչ Հայաստանի իշխանությունների հետևողական ջանքերով ներհանրային միջավայրում ներքին խորը կոնֆլիկտ է սանձազերծվում: Դա անտեսանելի մարտահրավեր է, ինչի հետևանքով հասարակական կառույցը սահուն ընթացքով մաշվում է և հյուծվում: Իմ կանխատեսմամբ այս գործընթացի վերջնական հանգրվանը հանրային խմբերի թշնամացումն է և մարդկանց շերտավորումը: Այսինքն, ձևավորվում են իրար դեմ մարտնչող և հակամարտող տարատեսակ միջավայրեր, որոնք ինչ-որ մի օր բախվելու են նաև ֆիզիկական հարթությունում:

Այսինքն «բոլորը կռվում են բոլորի դեմ», և հենց այս չընդհատվող «պատերազմն» է փաշինյանական իշխանության «լեգիտիմության» աղբյուրը։ Սա անտեսանելի մարտահրավեր է և շատ ավելի վտանգավոր, քան Հայաստանի դեմ թշնամաբար տրամադրված հարևանները», - ասել է նա: