08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 15-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել հանրապետության անտառային տնտեսության որոշ հատվածներում հայտնված «անզույգ մետաքսագործներ» կոչվող թրթուրների պատճառած վնասների գնահատման ու պայքարի միջոցների ձեռնարկման թեմայով: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ գյուղատնտեսության, տարածքային կառավարման ու զարգացման նախարարները, բնապահպանության կոմիտեի նախագահը և ոլորտի այլ պատասխանատուներ:
Զեկուցմամբ հանդես է եկել բնապահպանության կոմիտեի նախագահ Ֆելիքս Գաբրիելյանը, ով մասնավորապես նշել է, որ այդ վնասատուների դեմ արդյունավետ պայքարի ժամանակը վաղ գարնան շրջանն է. այն պետք է իրականացնել ավիացիոն սրսկումների եղանակով: Կոմիտեի նախագահի խոսքով՝ ներկա փուլում այդ թրթուրների դեմ պայքարն արդյունավետ չէ, քանի որ լայն տարածում են գտել, բացի դրանից, կենսաբանական փոփոխության հետևանքով շուտով դրանք այլևս ակտիվ չեն լինի:
Երկրի ղեկավարը շատ խիստ է արձագանքել տրված պարզաբանումներին՝ նշելով, որ ստեղծված իրավիճակը ոլորտի պատասխանատուների՝ ժամանակին թույլ տված թերացումների հետևանք է: Նա հանձնարարել է կարճ ժամանակում մասնագիտական հանձնաժողով ձևավորել, ուսումնասիրել վնասների չափը, հստակեցնել պայքարի միջոցների մշակման եղանակները՝ ընդգծելով, որ բոլոր մեղավորներն օրենքի առաջ պատասխանատվություն են կրելու: