ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու, ազատազրկելու եւ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունների վերաբերյալ որոշում «Իմ քայլը» խմբակցությունը կայացրել է, որը կհրապարակվի վաղը։ Այս մասին հունիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Քննարկել ենք քառօրյայի օրակարգը, իհարկե, նաեւ անդրադարձ է եղել դատախազի միջնորդությանը, որի հետ կապված խմբակցությունը կայացրել է որոշում։ Մենք մեր որոշումը կներկայացնենք վաղը՝ դատախազի ելույթից հետո, փակ եւ գաղտնի քվեարկությամբ»։
Հարցին՝ արդյոք որոշումը կայացվե՞լ է միաձայն, թե՞ եղել են տարակարծություններ են եղել, Լիլիթ Մակունցն ասաց. «Թույլ տվեք այդ մասին մանրամասներ չհայտնել»։
Անդրադառնալով ԲՀԿ-ականների այն հայտարարությանը, որ այդ գործընթացը քաղաքական է, Մակունցն ասաց. «Ես արդեն առիթ ունեցել եմ նշել, որ այն միջնորդությունը, որը ներկայացրել է Դատախազությունը, բացառապես իրավական հիմքի հիման վրա է ներկայացվել եւ հարցն էլ պետք է դիտարկել այդ տիրույթում։ Որեւէ կերպ քաղաքական երանգ չպետք է տալ եւ պետք է զերծ մնանք իրավական գործընթացներին տալ քաղաքական երանգներ»։