կարևոր
1342 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-15 21:07

Արտավազդ Վանյանի համոզմամբ՝ անվտանգության կանոնների ճիշտ պահպանումն օր առաջ կբերի կայուն իրավիճակի

Արտավազդ Վանյանի համոզմամբ՝ անվտանգության կանոնների ճիշտ պահպանումն օր առաջ կբերի կայուն իրավիճակի

 Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը մնում է լարված: ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդութունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը, պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում նշեց, որ չնայած լարվածությանը, կառավարությունն իր մարտավարությունը չի փոխել: Շարունակում է կարևոր համարել դիմակ կրելը, սոցիալական հեռավորություն պահելը, ձեռքերի հիգիենան:

«Մենք ավելացրել ենք հետազոտությունների թիվը: Մեր խնդիրն է շարունակում մնալ հիվանդների, նրանց հետ սերտ շփված անձանց վաղ հայտնաբերումը, ինչը հնարավորություն կտա վարակի կանխարգելման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպել»,-ասաց Արտավազդ Վանյանը: Նա նույնպես խոսեց բակերում, զրուցարաններում, այգիներում մարդկանց հավաքվելու մասին՝ ընդգծելով, որ համաճարակաբանական ուսումնասիրության համաձայն, նման դեպքերում ևս առանց դիմակի սերտ շփումը հանգեցնում է վարակման:

«Դիմակն անհրաժեշտ է կրել ճիշտ, երբ փակված է քիթն ու բերանը: Այնինչ, այսօր մեր շատ քաղաքացիներ դիմակները դեմքից իջեցնում է մինչև ծնոտի հատվածը: Դա հավասար է դիմակ չկրելուն: Եթե մենք անվտանգության կանոնները չենք պահում, դրանով և՛ մեր, և՛ մեր շրջապատի առողջությանն ենք վնաս հասցնում»,-ասաց Արտավազդ Վանյանը:

Մասնագետը դիմակ կրելուն զուգահեռ շատ կարևոր է համարում սոցիալական հեռավորության պահպանումն, ինչը շատ դեպքերում չի արվում: Հատկապես սրճարաններում, հանրային սննդի վայրերում, երբ դիմակները պետք է հանեն սնվելու համար, սակայն մեկ սեղանի շուրջ հավաքած են 5-6 հոգով ՝ չպահպանելով սոցիալական հեռավորություն: «Վարակվում են, հետո էլ զարմանում, թե որտեղից վարակվեցին: Այն վայրերում, որտեղ չենք կարող դիմակ կրել, գոնե պետք է պահպանել սոցիալական հեռավորությունը: Եթե կարողանանք այս գործիքակազմը պահպանել, ես վստահեցնում եմ՝ օր առաջ կունենանք կայուն իրավիճակ»,-հավելեց Արտավազդ Վանյանը: