կարևոր
1426 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-15 20:35

Ոստիկաններն անվտանգության կանոնները խախտող քաղաքացիներին տուգանելուց բացի կտան դիմակներ

Ոստիկաններն անվտանգության կանոնները խախտող քաղաքացիներին տուգանելուց բացի կտան դիմակներ

Հայաստանում պետք է լինի զանգվածային հակահամաճարակային շարժում, պետք է ձևավորվի այնպիսի մթնոլորտ, որ դիմակ չկրելը ամոթ լինի: Այս մասին պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է այնպես լինի, որ մեկ քաղաքացին մոտենա մյուսին և ամոթանք տա, ասի՝ ինչու չես կրում դիմակ, հարգելի քաղաքացի: Խնդրի, բացատրի կամ եթե հնարավորություն ունի դիմակ չունեցողին դիմակ նվիրի: Մենք հիմա այդպիսի մեխանիզմներ նույնպես քննակում ենք: Կամավորներ կան, որ շրջում են ու դիմակներ են առաջարկում: Ես հանձնարարել եմ, որ ոստիկանները քաղաքացիներին, երբ տուգանում են դիմակ չկրելու համար, նաև դիմակ տան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ լավագույն ցուցանիշ է համարվում այն, երբ վարակի տարածման համաթիվը մեկից ցածր է: Այդ դեպքում կարելի է ասել, որ համաճարակի ճգնաժամի հաղթահարումը հուսալի ճանապարհի վրա է: Հետևաբար, բոլոր հնարավոր միջոցները պետք է ձեռնարկել վարակի տարածման կորն իջեցնելու համար:

«Որպես ժողովրդի կողմից ընտրված կառավարություն՝ մենք ակնկալում ենք, որ մեր սիրելի հայրենակիցները կհետևեն մեր առաջարկած անվտանգության կանոններին: Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր հետևում են անվտանգության կանոններին և խնդրում եմ՝ առանց դիմակի մարդկանց կողքով անտարբեր մի անցեք: Անպայման մոտեցեք և խնդրեք, որ դիմակ կրեն, պահպանեն սոցիալական հեռավորություն»,-ավելացրեց Նիկոլ Փաշինյանն՝ ավելացնելով, որ սխալ վարքագծով բազմաթիվ քաղաքացիների դատապարտում ենք մահվան: