կարևոր
1414 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-15 19:00

Հայաստանում մարդիկ զանգվածաբար շարունակում են չկրել դիմակներ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում մարդիկ զանգվածաբար շարունակում են չկրել դիմակներ. Նիկոլ Փաշինյան

Հասարակության մի զգալի հատվածը շարունակում է չպահպանել անվտանգության կանոնները և չկրել դիմակներ: Այս մասին պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եկել է խոստովանելու ժամանակը, որ մենք մինչ այս պահը չենք կարողացել մեր հայրենակիցներին համոզել կամ պարտադրել, որ պահպանեն ամենատարրական ու ամենաէֆեկտիվ միջոցը: Խոսքը դիմակներ կրելու մասին է: Ըստ էության, արձանագրենք, որ Հայաստանում, ի հեճուկս պարետատան կայացրած որոշումների, կիրառվող քարոզչության, վարույթների, կառավարության գործունեության թափանցիկության, մարդիկ զանգվածաբար չեն կրում դիմակներ: Սա Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման թիվ մեկ պատճառն է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ներկայացրեց ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական տեղեկագիր ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը, ըստ որի դիմակներ կրելը՝ սոցիալական հեռավորության և այլ գործընթացների հետ համատեղ, COVID-19-ի համաճարակը կանգնեցնելու համար ամենահավանական հնարավորությունն է: «Տասնյակ երկրների, այդ թվում, վարակից ամենաշատը տուժած Իսպանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի փորձը ցույց է տալիս, որ դիմակներ կրելը վճռորոշ ազդեցություն ունի:  Ուզում եմ ասել, որ սա այսօր է հրապարակվել, այսինքն՝ դիմակների հետ կապված համոզմունքն առկա է այս փուլում: Նախկինում դիմակների էֆեկտիվության հետ կապված  նման համոզմունք չի եղել: Հետևաբար հայտարարությունների հետ կապված անճշտություններ եղել են տարբեր տեղերում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նույն հոդվածի՝ դիմակները խիստ անհրաժեշտ են առողջ մարդկանց ևս, որը հնարավորություն են տալիս չշնչել ուրիշների արտաշնչած մթնոլորտային մասնիկները, որոնք օդում կարող են մնալ տասնյակ րոպեներ: Այս պարագայում դիմակը էֆեկտիվ միջոց է: Նիկոլ Փաշինյանը մեջբերեց հոդվածից ևս մեկ հատված, ըստ որի, Նյու Յորքում տանը մնալու և սոցիալական հեռավորություն պահելու կանոններն այդքան շատ արդյունքներ չեն տվել: Արդյունքներն առավել շատ տեսանելի են եղել դիմակների կրումը պարտադիր դարձնելուց հետո:

ՀՀ վարչապետը մեկ անգամ ևս հորդորեց խստորեն պահպանել անվտանգության կանոնները՝ կրել դիմակ, պահպանել սսոցիալական հեռավորություն, հաճախակի լվանալ ձեռքերը: