ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական տեղեկագիր ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմակներ կրելը՝ սոցիալական հեռավորության և այլ գործընթացների հետ համատեղ, COVID-19-ի համաճարակը կանգնեցնելու համար ամենահավանական հնարավորությունն է: Այս մասին տեղեկացնում է հեղինակավոր «Ֆորբս»-ը:
«Մեր վերլուծությունը բացահայտում է, որ դիմակով և առանց դիմակի տարբերությունը վճռորոշ է համավարակի զարգացման միտումները ձևավորելու հարցում»,-հայտնել է ուսումնասիրողների թիմը՝ Տեխասի A&M համալսարանից, Օսթինի Տեխասի համալսարանից, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտից և Կալիֆոռնիայի Սան Դիեգոյի համալսարանից:
Նրանք վերլուծել են բռնկման երեք հիմնական կենտրոններում՝ Ուհանում, Իտալիայում և Նյու Յորքում վիրուսի տարածումը մեղմելու տարբեր միջոցառումները՝ 2020 թվականի հունվարի 23-ից մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում: Թիմը դիտարկել է նաև կորերի լանջերը, որոնք ներկայացնում է նոր դեպքերի քանակը, և թե ինչպես են դրանք փոխվում յուրաքանչյուր միջոցառումն իրականացնելուց հետո: Օրինակ, Նյու Յորքում տանը մնալու և սոցիալական հեռավորություն պահելու կանոնները շատ բան չեն արել, կորը իսկապես սկսել է փոխվել դիմակների կրումը պարտադիր դարձնելուց հետո: Ուսումնասիրողները խորհուրդ են տվել դա համեմատել ընդհանուր Միացյալ Նահանգների կորի ցուցանիշի հետ, որտեղ դիմակների պարտադիր կրման քաղաքականություն չի կիրառել:
Ուհանում պատասխանը ոչ միայն արագ էր, այլ բազմաթիվ միջոցառումները, մասնավորապես՝ սոցիալական հեռավորություն պահելը, լոքդաունը և դեմքը ծածկելը արվել են միաժամանակ: ԱՄՆ-ում այն ավելի դանդաղ էր, հաջորդականությունը այն դարձրել է ավելի քիչ արդյունավետ:
«Համաճարակին արձագանքը, ընդհանուր առմամբ, դանդաղ էր արևմտյան աշխարհում, և միջամտության միջոցառումներն իրականացվում էին միայն հաջորդաբար», - գրել են հեղինակներն ու նկատել՝ ակնհայտ է, որ մեղմացնող միջոցառառումների խումբը կառավարել է համաճարակի էվոլյուցիան, ծավալը և մեծությունը՝ գլոբալ առումով:
Պաշտպանիչ դիմակները հավանաբար վիրուսի տարածման կամ դանդաղեցման հիմնական որոշիչն են: «Մեր ուսումնասիրությունը շատ պարզ հաստատեց, որ դիմակների կիրառումը ոչ միայն օգտակար է նրա համար, որ վարակված մարդու հազի կաթիլները չհասնեն չվարակված մարդուն, այլ այն նաև կարևոր է չվարակված անձանց համար՝ խուսափելու շնչել աերոզոլները, որոնք վարակված մարդիկ արտանետում են խոսելիս, որոնք կարող են մնալ մթնոլորտում տասնյակ րոպեներ և տարածվել»,-ասել է ուսումնասիրության հեղինակ Մարիո Մոլինը հայտարարության մեջ:
Թիմը նաև հաշվարկել է, թե որքան մարդ է հավանաբար խուսափել վարակվելուց՝ դիմակ կրելով: Նրանց հաշվարկներով՝ Նյու Յորքում մեկ ամսվա ընթացքում դիմակ կրելու արդյունքում 66 000 վարակ է կանխվել, Իտալիայում այդ թիվը 78 000 է:
«Մենք եզրակացնում ենք, որ հասարակության մեջ դիմակ կրելը համապաստասխանում է ամենաարդյունավետ միջոցներին` կանխելու վարակի փոխանցումը: Այս ոչ թանկ սովորությունը, սոցիալական հեռավորության և այլ գործընթացների հետ համատեղ, COVID-19-ի համաճարակը կանգնեցնելու ամենահավանական հնարավորությունն է»,-ասել է ուսումնասիրության հեղինակ Ռեյնի Ժանգը:
Հեղինակները նաև շեշտել են, որ գիտությունը պետք է արդյունավետորեն հաղորդակցվի քաղաքականություն մշակողների հետ և որոշումների կայացման համար պետք է հիմք լինի: