Սա ակնհայտորեն քաղաքական հետապնդում է, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, որն առավոտից ԲՀԿ մյուս պատգամավորների հետ գտնվում է Գագիկ Ծառուկյանի առանձնատան մոտ, որտեղ այս պահին խուզարկություն է իրականացնում ԱԱԾ–ն։
Աբովյանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանն այս պահին տանն է գտնվում։
Նշենք, որ պատգամավորների խոսքով, իրենց տեղեկություններով խուզարկությունը կապված է 2017 թվականի ընտրություններում Մարտունիից մեծամասնականով առաջադրված թեկնածուի մոտ գտնված ինչ-որ փաստաթղթի հետ։ Այնուամենայնիվ, պատգամավորները վստահ են, որ սա քաղաքական հետապնդում է՝ կապված Ծառուկյանի հնչեցրած քննադատության հետ, փորձում են լայնածավալ ճնշումներով իրենց լռեցնել։
Արման Աբովյանի խոսքով՝ այս պահին խուզարկություններ են իրականացվում նաև իրենց կուսակցական գրասենյակներում, մասնավորապես, Գեղարքունիքի գրասենյակում։