կարևոր
1944 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-13 23:16

Օսմանհայ գեղանկարիչների կտավների ցուցահանդես Թուրքիայում

Օսմանհայ գեղանկարիչների կտավների ցուցահանդես Թուրքիայում

Թուրքիայում օսմանյան շրջանի գեղանկարչության մեջ մեծ ավանդ ունեցող հայ գեղանկարիչներին նվիրված 2-րդ ցուցահանդեսն է բացվել: Ստամբուլի «Canvas Art Investments» սրահում 2019-ի դեկտեմբերի 20-ից  2020-ի հունվարի 20-ը անցկացված «Armenian Painters In the Ottoman Empire» (Օսմանյան կայսրության հայ գեղանկարիչները) ցուցահանդեսը կբացվի նաև Անկարայում: Այն բաց կլինի այցելուների համար հունիսի 12-ից օգոստոսի 30-ը։

Այդ մասին տեղեկացնում է թուրքական «Superhaber» լրատվական կայքը և հիշեցնում, որ հայերը կայսրությունում մեծ  հռչակ են վայելել հատկապես ճարտարապետության ու գեղանկարչության ոլորտում հեղինակած գործերով:

«Նրանք հեղինակել են ստեղծագործական ձիրք ու վարպետություն պահանջող մի շարք գործեր՝ պալատների զարդարանքներից մինչև թատրոնների դեկորներ, Բոսֆորի նեղուցի ափամերձ հրաշալի շինություններից մինչև առաջին մեջլիսի պատգամավորների վկայականների ձևավորում»,- ասվում է հրապարակման մեջ:

Նշվում է, որ թուրքական գեղանկարչության մեջ շրջադարձային կետը ևս հնարավոր է եղել հայ նկարիչների շնորհիվ. «Կտավի վրա յուղաներկով նկարելու տեխնոլոգիայում արևմտյան մտածողությամբ օսմանյան գեղանկարչության առաջին գործերը հեղինակել են հայ գեղանկարիչները»:

Ցուցահանդեսում ներկայացվող ուշագրավ կտավներից են բեշիքթաշցի Ջիվանյանի «Ստամբուլ», Սամաթյացի Սիմոն Յազըջըյանի «Գուշակ կինը» (1882թ.) և տրապիզոնցի Բուզանդ Գոջամանյանի «Էշերը» կտավները: