կարևոր
1465 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-13 22:38

ԵՊԲՀ-ի մասին հոդվածն աշխարհահռչակ ամսագրում

«Վերջին ամիսներին բուժաշխատողների կարիքն առավել նկատելի էր...» ,- այսպես է սկսվում Ժենևում լույս տեսնող newSpecial ամսագրում տպագրված «Ինչպես բժշկական համալսարանը դարձավ պետական խոշորագույն հարկատուն և օգնեց երկրին հաղթահարել գլոբալ առողջապահական մարտահրավերները» վերնագրով հոդվածը՝ նվիրված Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանին և իր 100-ամյա գործունեությանը: newSpecial ամսագիրը, որը տպագրվում է 1949թ-ից, հրատարակվում է Ժենևում գործող բոլոր միջազգային կազմակերպությունների աշխատակիցների համար՝ 10,000 օրինակով: Այս հեղինակավոր ամսագրի գլխավոր խմբագիրն է հայտնի հայ բժիշկ, առողջապահության կազմակերպիչ, ԵՊԲՀ շրջանավարտ և այցելու պրոֆեսոր Գարրի Ասլանյանը:

«Իր 3500 աշխատակիցներով, տարբեր ֆակուլտետներում սովորող 8000 ուսանողներով և 3 հիվանդանոցներով, Երևանի պետական բժշկական համալսարանը ներկայումս հանդիսանում է բժշկական կրթության, կլինիկական բժշկության, գիտության և նորարարությունների Հայաստանի ամենաազդեցիկ և ամենախոշոր կառույցը: Հիմնադրված 100 տարի առաջ, գլոբալ առողջապահական և գեոքաղաքական արհավիրքների ժամանակահատվածում, իր գործունեության ողջ ընթացքում Համալսարանը կարևորագույն դեր է կատարել երկրի զարգացման գործում: Երկրի պատմության ամենաճգնաժամային պահերին Համալսարանը հանդիսացել է միասնականության և ազգային վերածննդի միջոցներից մեկը:»

Հոդվածում անդրադարձ է արվել ԵՊԲՀ և իր շրջանավարտների, աշխատակիցների և ուսանողների մասնակցությանը վերջին հարյուրամյակում Հայաստանի համար կարևորագույն պահերին՝ Երկրորդ Համաշխարհային Պատերազմ, Սպիտակի երկրաշարժ, Արցախյան պատերազմ, և ներկայումս՝ կորոնավիրուսի դեմ պայքար:

Վերջին տարիների ձեռքբերումների մեջ առանձնացվել է Հայրենիքի պաշպանի տան հիմնադրումը և Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտի ձեռքբերումը, «որը հանդիսանում է եզակի օրինակ, երբ նախկինում պետական ինստիտուտը, որը սեփականաշնորհվել էր 90-ականներին և ժամանակի ընթացքում կորցրել իր երբեմնի ուժը, ձեռք է բերվել Համալսարանի կողմից 2018թ-ին՝ կրկին դառնալով պետական, և սկսել է զարգանալ արագ տեմպերով»:

2019թ-ին Համալսարանը դարձավ Հայաստանի խոշորագույն պետական հարկատուն: Նույն տարում, ԵՊԲՀ ավարտական երեկոյի ընթացքում, ՀՀ Վարչապետն իր խոսքում ԵՊԲՀ-ն անվանեց «Հայաստանի ամենահաջողված պետական բուհը, որն արտահայտում է բարձրագույն կրթության ապագայի մեր տեսլականը»: