08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Նեպալի ոստիկանությունը հունիսի 13-ին տասը մարդու է ձերբակալել, այդ թվում 7 օտարերկրացու, որոնք երկրի մայրաքաղաք Կատմանդուում մասնակցել են մեկուսացման ռեժիմի դեմ իրականացվող հանրահավաքին՝ պահանջելով մեղմացնել այն: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Օտարարկրացիները ձերբակալվել են Նեպալի ներքին գործերին միջամտելու համար»,-նշել է Նեպալի ոստիկանության ներկայացուցիչ Բասանտ Լաման:
Կատմանդուում երեք օր է շարունակվում են հանրահավաքները, որոնց մասնակիցները պահանջում են թուլացնել մեկուսացման ռեժիմը, մեծ թվով մարդկանց թեստավորել և ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկել համավարակի դեմ պայքարում: Ոստիկանությունը հայտնել է, որ գրեթե հազար ցուցարար արգելափակել է քաղաքի գլխավոր ճանապարհը:
Ավելի վաղ Նեպալի կառավարությունը հայտնել էր, որ մոտավորապես 89 մլն դոլար է ծախսել համավարակի դեմ պայքարելու համար, անցկացրել է գրեթե 310 հազար թեստավորում և մեկուսացրել է գրեթե 158 հազար մարդու: Ցույցի մասնակիցները հայտարարում են, որ դա բավական չէ այն երկրի համար, որտեղ 30 միլիոն մարդ է բնակվում:
Նախօրեին կառավարությունը որոշել է թուլացնել կորոնավիրուսի պատճառով սահմանված մեկուսացման ռեժիմը այն շրջաններում, որտեղ վարակակիրների թիվը մեծ չէ: Որոշ շրջաններում թույլատրել է մանրածախ և մեծածախ շուկաների աշխատանքը, ինչպես նաև մասնավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Կառավարությունը շեշտել է անվտանգության կանոնների կարևորությունը՝ ընդգծելով, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար անհրաժեշտ է նաև սոցիալական հեռավորություն պահպանել: Այլ երկրներից Կատմանդու մարդկանց մուտքն արգելված կլինի այնքան ժամանակ, քանի դեռ կորոնավիրուսով պայմանավորված երկրում իրավիճակը չի լավացել:
Վերջին տվյալների համաձայն՝ Նեպալում 5062 վարակված կա: Մահացել է 16 մարդ: