կարևոր
1873 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-13 17:21

Ուժեղացված ստուգայցեր` Աբովյան քաղաքում․ ԱԱՏՄ-ն արձանագրել է խախտումներ ու թերացումներ

Ուժեղացված ստուգայցեր` Աբովյան քաղաքում․ ԱԱՏՄ-ն արձանագրել  է խախտումներ  ու թերացումներ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները հունիսի 13-ին ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակել են Աբովյան քաղաքում։ Ստուգայցերն արձանագրել են ՀՀ պարետի սահմանած անվտանգության կանոնների մի շարք խախտումներ ու թերացումներ։

Տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական և իրազեկման աշխատանքներն իրականացրել  են էլեկտրատեխնիկայի, հրուշակեղենի խոշոր խանութներում, գրավատներում ու մի շարք այլ տնտեսավարողների մոտ։

Դիտարկումների ժամանակ որոշ դեպքերում բացակայել են աշխատակիցների արտաքին զննման տվյալները, տեղեկատվական պաստառները, ձեռնոցների և դիմակների համար նախատեսված փակվող աղբամանները։ Չեն եղել  գծանշումներ, անհատական ջերմաչափեր, արձանագրվել է նաեւ ախտահանման միջոցների ոչ բավարար քանակություն։

Խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ՝ Պարետատուն ներկայացնելու եւ դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ կայացնելու համար։

Մարզերում եւ Երևանում տեսչական մարմինն իրականացնում է ամենօրյա վերահսկողություն՝ ուշադրության կենտրոնում պահելով տնտեսավարողների կողմից անվտանգության նորմերի պահպանումը։

ԱԱՏՄ-ն կրկին հորդորում է խստագույնս ապահովել այդ նորմերի պահպանումը և հիշեցնում՝ խախտումների համար նախատեսված է վարչական պատասխանատվություն։ Կրկնախախտումների կամ առավել ռիսկային խախտումների դեպքում այն ավելի խիստ կլինի։