կարևոր
1240 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-13 16:28

Կառուցապատողի հետ քննարկվում է Ֆիրդուսի 80 հասցեի շենքը չքանդելու հարցը․ Վարագ Սիսեռյան

Կառուցապատողի հետ քննարկվում է Ֆիրդուսի 80 հասցեի շենքը չքանդելու հարցը․ Վարագ Սիսեռյան

Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) տարածքումբառկա 8 հուշարձան շենք դուրս է բերվել կառուցապատման ծրագրից և առաջիկայում Կառավարության որոշմամբ կհանվեն նաև գերակա շահի որոշման մեջ տեղ գտած գույքերի ցանկից։ Այս մասին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ գումարված Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը։ Նիստի ընթացքում քննարկվում էր Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) տարածքի վերաբերյալ հարցը։

Սիսեռյանը նշեց, որ իրենք տեղեկանք են պատրաստել, որը բաղկացած է 3 մասից։ Առաջին մասը կապված է նախագծի, երկրորդը՝ հուշարձան կամ ուղղակի շենքի լինելու, երրորդը՝ սոցիալական խնդիրների հարցերի հետ։

«2019 թ-ին գործարարների ցուցաբերած ակտիվության շնորհիվ կնքվել են եռակողմ պայմանագրեր ներդրողների, կապալառուի և կառավարության միջև։ Այդ տարածքում հողերի ձեռք բերման համար արդեն ներդրվել է մոտ 70 մլն ԱՄՆ դոլար, ինչի համար գործարարները ստացել են հողերի սեփականության վկայականներ։ 2019-ին Տիգրան Ավինյանը քննարկում է ունեցել ներդրողների հետ, որի ժամանակ քննարկվել է Երևանի 33-րդ թաղամասի հատակագիծը փոխելու հարցը»,- ընդգծեց Վարագ Սիսեռյանը։

Անդրադառնալով հուշարձան և ոչ հուշարձան շենքերին՝ Սիսեռյանը նշեց, որ տարածքում առկա է 8 հուշարձան շենք, որոնք Տիգրան Ավինյանի հանձնարարությամբ դուրս են բերվել  Ֆրդուսի կառուցապատման ծրագրից և Կառավարության որոշմամբ դուրս կբերվեն նաև գերակա շահի որոշման մեջ տեղ գտած գույքերի ցանկից։

«Ֆիրդուսի թաղամասում գտնվող աղյուսաշեն շենքը, որը չի գտնվում հուշարձան շենքերի ցանկում և երբևէ չի եղել։ Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որպեսզի այդ շինության քարերը համարակալվեն և պահպանվեն կառուցվող շենքերից մեկի ֆասադում։ Այս պահին մենք բանակցություններ ենք վարում կառուցապատողներից մեկի հետ, որպեսզի Ֆիրդուսի 80 հասցեում գտնվող շենքը, որը հուշարձան չի՝ չքանդվի և դուրս գա ծրագրից»,- ասաց Սիսեռյանը։

Նախագծի վերաբերյալ վարչապետի գրասենյակի ղեկավարը նշեց, որ 2015 թվականին մշակվել է կառուցապատման հայեցակարգը, որը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ճարտարապետների միության ներկայացուցիչների հետ։ Տվյալ հայեցակարգը հաստատվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի կողմից, այն նաև բազմիցս ներկայացվել է հանրությանը։

«2018 թվականի մարտին Կառավարությունը հաստատել է գերակա շահն արդեն նոր մոտեցումներով։ Տարածքը բաժանվել է 19 տարբեր լոտերի, ներգրավվել են տեղական և օտարերկրյա ներդրողներ։ Սույն որոշմամբ ձեռք բերողների պայմանագրերի հետ միասին տրամադրվել են նաև ճարտարապետահատակագծային առաջադրանքներ՝ հստակ հարկայնությամբ և խտությամբ»,- ասաց Սիսեռյանը։

Նա ներկայացրեց, որ 1․5 տարվա ընթացքում լուծվել է այնտեղ ապրող ընտանիքների հարցը, ինչը տարիներ շարունակ չէր լուծվում։

Ֆիրդուս թաղամասի 100-ից ավելի ընտանիք 2018 թվականից սկսած ստացել են նոր, վերանորոգված բնակարաններ կամ գումարային փոխհատուցում՝ 1 ք/մ-ի դիմաց միջինը՝ 1200-1300 ԱՄՆ դոլար։

«Այս ծրագրի իրագործմամբ հնարավոր է եղել լուծել նաև Գինու կոմբինատի 331 ընտանիքի և Կոնդ թաղամասի 107 ընտանիքի բնակարանների տրամադրման հարցը։ Ընդհանուր առմամբ բնակարան կամ գումարային փոխհատուցում է ստացել 438 ընտանիք»,- ասաց ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանը նշեց, որ նիստին ներկա են Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

Հեռավար կարգով ներկա է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Թուխիկյանը։