կարևոր
1745 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-13 15:14

Արցախում կավարտվի Մոր և մանկան առողջության պահպանման նոր կենտրոնի շենքերի շինարարությունը

Արցախում կավարտվի Մոր և մանկան առողջության պահպանման նոր կենտրոնի շենքերի շինարարությունը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը քաղաքաշինության և առողջապահության նախարարների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտում կառուցվող Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի շինհարթակ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը նշել է, որ, հաշվի առնելով հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թվի ինտենսիվ աճը, համավարակի դեմ պայքարի կանոնները խստացնելուն զուգահեռ՝ անհրաժեշտ է նաև առողջապահական համակարգը պատշաճ պատրաստվածության բերելու ուղղությամբ շտապ քայլեր ձեռնարկել:

Նախագահի խոսքով՝ տեղի ունեցած շահագրգիռ քննարկումների արդյունքում որոշվել է կարճ ժամկետներում ավարտել Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման նոր կենտրոնի ու նրա հարակից տեղամասային պոլիկլինիկայի համար նախատեսված կիսակառույց շենքերի շինարարությունը և, համավարակի հնարավոր մեծ տարածման դեպքում, դրանք ամբողջությամբ ծառայեցնել հիվանդների տեղավորմանն ու բուժմանը:

Խնդրի լուծման նպատակով նախագահ Հարությունյանը համապատասխան հանձնարարականներ է տվել քաղաքաշինության և առողջապահության նախարարներին՝ ինչպես շինարարական ռեսուրսների կենտրոնացման, այնպես էլ բուժսարքավորումների և մահճակալների տեղադրման առումներով: