կարևոր
1871 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-13 14:34

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարարի հետ

Հունիսի 12-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել կանադացի իր գործընկերոջ՝  Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնի հետ:

ԱԳ նախարարները քննարկել են նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն աշխարհում՝ ընդգծելով դրա հաղթահարման ուղղությամբ միջազգային համագործակցության և միասնական ջանքերի գործադրման կարևորությունը: Զոհրաբ Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման նպատակով իրականացվող ծրագրերը: Այս համատեքստում նախարար Մնացականյանը բարձր է գնահատել միջազգային գործընկերների պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանին և հայ ժողովրդին:

Նախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ գոհունակություն հայտնելով տարբեր մակարդակներով հաստատված երկխոսության կապակցությամբ: Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործնական քայլեր ձեռնարկել հայ-կանադական հարաբերությունների դրական դինամիկայի պահպանման և համագործակցության նոր ոլորտների ներառման ուղղությամբ: Այս առնչությամբ մտքեր փոխանակվեցին ստեղծագործ կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ագրոբիզնեսի, սննդի անվտանգության ապահովման և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության վրա հիմնված արդյունավետ փոխգործակցությանը և դրա ընդլայնման հեռանկարներին:

Զոհրաբ Մնացականյանը Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնին ներկայացրեց ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները և բարձր գնահատեց կանանց իրավունքների և «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի կյանքի կոչման, ինչպես նաև զինված հակամարտություններում երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ Կանադայի ջանքերը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նաև անդրադարձավ ցեղասպանության կանխարգելման օրակարգի խթանման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերին՝ բարձր գնահատելով այդ ուղղությամբ կանադական կողմի հետ հաստատված սերտ համագործակցությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկեցին նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցեր: