կարևոր
1531 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-13 11:39

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 10 նոր դեպք

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 10 քաղաքացու մոտ: Այս մասին հայտնում է Տեղեկատվական շտաբը։

«Նրանցից 3-ը Ստեփանակերտի բնակիչներ են, ընդ որում, անձանցից մեկը նախկինում հաստատված դեպքերի հետ առնչություն չունի, նոր է վերադարձել ՀՀ-ից և բժիշկներին դիմելուց հետո է պարզվել նրա մոտ կորոնավիրուսի առկայությունը:

Կորոնավիրուսով հիվանդ Ստեփանակերտի մյուս 2 բնակիչները նախկինում հաստատված դեպքերի կոնտակտավորներ են: Իսկ նոր վարակված մյուս 7 քաղաքացիները Հադրութի շրջանի սահմանափակումներ մտցրած համայնքներից են, ովքեր վարակվել են սգո արարողության ժամանակ:

Միևնույն ժամանակ, նոր կորոնավիրուսի վարակը հաղթահարել է ևս 11 քաղաքացի: Մեկուսացված է 91 անձ, ընդհանուր թեստավորումների քանակը 1284 է:

Արցախի Հանրապետության Պարետատունը հորդորում է հետևել Պարետի որոշումներին և ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: Պետք է հիշել, որ յուրաքանչյուրի պատասխանատվության ու ինքնագիտակցության բարձր աստիճանով է պայմանավորված իրականացվող աշխատանքների արդյունավետությունը»,- ասված է հաղոորդագրության մեջ: