կարևոր
3425 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-12 21:30

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է ԵԽ երեք պատգամավորների հայտարարությունը

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է ԵԽ երեք պատգամավորների հայտարարությունը

Եվրոպայում գործող իր բոլոր անդամ-կազմակերպությունների անունից ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Մարինա Կալյուրանդի, Տրաիան Բասեսկուի և Ժելյանա Զովկոյի հայտարարությունը Հայաստանի և Արցախի միջև նոր մայրուղու շինարարության վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակից։

«Դժբախտաբար, այսպիսի հայտարարությունները ոչ միայն վնասակար են խաղաղության գործընթացի համար, այլև խախտում են մարդու հիմարար իրավունքները, տվյալ դեպքում՝ Արցախի ժողովրդի ազատ տեղաշարժման և զարգացման իրավունքը: Այս իրավունքներն անքակտելի են և ոչ մի կերպ պայմանավորված չեն երկրի կարգավիճակով: Այսպիսով այս հայտարարությունը վնաս է հասցնում Եվրոպական Խորհրդարանի արժանահավատությանը որպես ժողովրդավարության պաշտպանի:

Սույն հայտարարության հեղինակներն իրենց «աներեր աջակցությունն» են հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին և հետևաբար նաև դրա հիմնարար սկզբունքներին: Որքանո՞վ է տրամաբանական հայտարարել այս մասին և հաջորդ նախադասության մեջ պնդել, որ հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:

Յուրաքանչյուրի համար, ով նույնիսկ մակերեսորեն է ծանոթ է բանակցային գործընթացին, պարզ է, որ այս հայտարարության էությունը, փաստորեն, խաթարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերը և այն ամենը, ինչի շուրջ մինչ այժմ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Անկախ նրանից, թե դա նպատակաուղղված է արվել, թե ոչ, ներքուստ իրարամերժ այս հայտարարությունը, ցավոք, բառացիորեն արտացոլում է Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությունը, այն է՝ լիովին մեկուսացնել Արցախի բնակչությանը: Դժբախտաբար, այս հայտարարությունը նաև խրախուսում է մի ռեժիմի ռազմատենչ և ատելության հռետորաբանությունը, որը հայտնի է խոսքի ազատության նկատմամբ բռնությամբ, սկանդալային, և լայնալածալ կոռուպցիոն մեխանիզմներով (Ադրբեջանական լվացքատուն), ինչպես նաև ժամանակակից ստրկություն խրախուսելով: Այս ամենը պարբերաբար հայտնվում է հետաքննող լրագրության հայտնի հարթակների ուշադրության կենտրոնում:

Որպես Եվրոպայի քաղաքացիներ մենք վստահ ենք, որ Եվրամիությունը արժեքների վրա հիմնած միություն է: Մենք հավատում ենք, որ Եվրոպական խորհրդարանի անդամները, այս դեպքում այն հիմնական քաղաքական խմակցություններից, ինչպիսիք են ԵԺԿ-ն և ՍԴԱԱ-ն, պատասխանատու են և այդ արժեքները պահպանելու բարոյական պարտավորություն ունեն:

Հետևաբար, մենք կոչ ենք անում այս հայտարարության հեղինակներին զերծ մնալ ճնշման հռետորաբանությունից, բնիկ ազգաբնակչության մեկուսացումը խրախուսելուց և փոխարենը բարձրաձայնել այն փաստը, որ Արցախի ժողովուրդը ներկայումս ստիպված է համաշխարհային համաճարակը միայնակ հաղթահարել»,- ասվում է հայտարարության մեջ: