կարևոր
1849 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-12 19:15

Արցախի ԱԺ-ն դատապարտում է ԵԽ-ում ՀՀ և Ադրբեջանի հարցերով զեկուցողների հայտարարությունը

Արցախի ԱԺ-ն դատապարտում է ԵԽ-ում ՀՀ և Ադրբեջանի հարցերով զեկուցողների հայտարարությունը

 Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել Եվրախորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողների և պատվիրակության ղեկավարի հունիսի 10-ին  հնչեցրած համատեղ հայտարարության վերաբերյալ, որն առնչվում է Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող նոր մայրուղու կառուցմանը։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

ԱՀ ԱԺ խմբակցությունների հայտարարության մեջ նշված է. «Մենք մեծապես կարևորում ենք աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանության համար ձեռնարկվող քայլերը և Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ կապող նոր ճանապարհի կառուցումով, նորից վերահաստատում մեր աջակցությունը նմանօրինակ ջանքերին:

Վերհաստատում ենք նաև Արցախի Հանրապետության հավատարմությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և կարևորում բանակցային գործընթացի բոլոր փուլերին պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք մասնակցության անհրաժեշտությունը:

Միևնույն ժամանակ փաստում ենք, որ Եվրախորհրդարանի երեք պատգամավորների վերոհիշյալ հայտարարությունը խիստ սուբյեկտիվ և կողմնակալ է իր բնույթով, իսկ նման մոտեցումները, ինչպես ցույց է տվել փորձը, միշտ էլ բացասական ազդեցություն են թողել մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված ջանքերին, որոնց ուղղությամբ տարիներ շարունակ իրենց գործունեությունն են իրականացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները:

Վերոհիշյալ պատգամավորների սուբյեկտիվ մոտեցման մասին վկայում է նաև այն, որ Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ ու հայատյաց քաղաքականությունը նրանց կողմից երբևիցե չի արժանացել ոչ մի արձագանքի:

Կոչ ենք անում խորհրդարանական կառույցներին, հասարակական ու քաղաքական գործիչներին դատապարտել ցանկացած նմանօրինակ քայլ՝ խստիվ հետևելով միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին»:

Հայտարարությունն ստորագրել են Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք- ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Արդարություն», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները։