կարևոր
2141 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-12 19:02

Հանրությունը 100 տոկոսով տեղեկացված է, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում. Վարազդատ Կարապետյան

Հանրությունը 100 տոկոսով տեղեկացված է, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում. Վարազդատ Կարապետյան

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը վստահեցնում է, որ կորոնավիրուսի իրավիճակի պայմաններում կառավարությունը 100 տոկոսով ապահովում է թափանցիկություն: Պատգամավորը նման տեսակետ հայտնեց արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով գումարված ԱԺ հատուկ նիստում։

«Մենք չունենք վերևից եկող հրահանգին ուղղակիորեն ենթարկվող հանրություն: Մեր հանրությունը պետք է ինքնուրույն որոշում կայացնի՝ հաղթելու: Եվ բոլորը՝ 3 մլն-ը պետք է հաղթելու զգացողություն ունենան, որ կարողանանք հաղթել այս իրավիճակում: Ինձ համար հստակ է, որ մեր հանրությունն այդ որոշումը կայացրել է արդեն»,-ասաց պատգամավորն ու նշեց՝ հազարավոր մարդիկ միացել են այս պայքարում հաղթելու համար:

Նա կարևորեց թափանցիկությունը, մասնակցությունը, վստահությունը: Պատգամավորն իր երկու գործըներների հետ ներառված է տնտեսական բլոկի աշխատանքներում, և  կառավարության գործադրած ջանքերը որակեց անգնահատելի: «Ակնհայտ է, որ թափանցիկությունը կառավարությունը 100 տոկոսով պահում է: Այսինքն՝ մեր հանրությունը 100 տոկոսով տեղեկացված է, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում: Որպես հաջորդ քայլ, պետք է կարողանանք ստեղծել ինստիտուտներ, մեխանիզմներ՝ հանրության մասնակցությունն ապահովելու համար»,-ասաց Կարապետյանը:

Նրա կարծիքով՝ ցավոք, 30 տարիների ընթացքում ինստիտուները դեռևս թույլ են և մեծ աշխատանք է պետք անել, որ այդ ինստիտուտներն ուժեղանան: Պատգամավորի կարծիքով՝ մտահոգության կենտրոնում պետք է  լինի մեխանիզմների և ինստիտուտների ուժեղացումը՝  առողջապահական, կրթական համակարգում և այլ համակարգերում: