կարևոր
1060 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-12 18:57

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում իր ելույթն ավարտեց հակահամաճարակային կանոնները պահպանելու կոչով

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում իր ելույթն ավարտեց հակահամաճարակային կանոնները պահպանելու կոչով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում արտակարգ դրությունը երկարաձգելու հարցի քննարկման ժամանակ իր ելույթն ավարտեց հակամահաճարակային կանոնները պահպանելու այն կոչով, որն այս օրերին հնչում է հանրապետության տարբեր հատվածներում: Հունիսի 12-ին խորհրդարանը քննարկեց կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու հարցը:

«Ուշադրություն, խոսում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակ է: Բոլորիդ կոչ եմ անում կրել դիմակներ և դրանք հանել միայն սնվելիս: Դիմակը պետք է կրել այնպես, որ այն փակի ձեր քիթը և բերանը: Պարբերաբար ախտահանեք ձեր ձեռքերը և չախտահանված ձեռքերով մի դիպեք ձեր դեմքին: Պահպանեք մեկուկես մետր սոցիալական հեռավորություն և բացառեք առանց դիմակի շփումը ձեր ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ: Սիրելի հայրենակիցներ, կրեք դիմակներ և դրանով կրփկեք հարյուրավոր կյանքեր: Դիմակները անհրաժեշտ է փոխել երեք-չորս ժամը մեկ: Կարելի է օգտագործել ոչ միայն գործարանային արտադրության, այլև ինքնաշեն դիմակներ:

Սիրելի հայրենակիցներ, ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, որոնք պահպանում են  հակահամաճարակային կանոնները և բոլոր նրանց, որոնք անսալով իմ այս կոչին, կսկսեն պահպանել հակահամաճարակային կանոնները»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն այս կոչն իրենց հատկացված 10 րոպե ժամանակահատվածում կրկնեց մի քանի անգամ՝ նշելով, որ քննարկված որևէ հարցի ելույթի ընթացքում չի անդրադառնալու:

Հայաստանում հունիսի 12-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15 281 դեպք, որոնցից 5639-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9298  պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 77 686  թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 258 դեպք: Արձանագրվել է մահվան 86 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։