կարևոր
1195 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-12 18:38

Մարուքյանն առաջարկում է համավարակի օրերին չսահմանափակել հավաքների ազատության իրավունքը

Մարուքյանն առաջարկում է համավարակի օրերին չսահմանափակել հավաքների ազատության իրավունքը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկում է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության օրերին չսահմանափակել մարդկանց հավաքների ազատության իրավունքը: Այս մասին Մարուքյանն ասաց հունիսի 12-ին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկման ընթացքում:

«Եթե առաջադեմ մարդկությունը չունենար բողոքի ձայն հնչեցնելու իրավունք, այսօրվա մեր աշխարհը չէր լինի այնպիսին, ինչպիսին կա: Բողոքի իրավունքը, հավաքների ազատությունը պետք է չսահմանափակվի անգամ համավարակի ժամանակ, բնականաբար համապատասխան չափանիշներով: Ես կառավարությանն առաջարկում եմ այս իրավունքի հետ կապված գնալ ընդառաջ, հնարավորություն տալ, որ ովքեր ցանկանում են բողոքի ակցիաներ անել, այդ ակցիաները կարողանան անել: Եկեք պայմաններ սահմանենք, թե ինչ ձևով կարող են մարդիկ իրենց բողոքը հնչեցնել»,- ասաց Մարուքյանը:

Հայաստանում հունիսի 12-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15 281 դեպք, որոնցից 5639-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9298  պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 77 686  թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 258 դեպք: Արձանագրվել է մահվան 86 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։