կարևոր
2099 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-12 17:20

ԱՀ պարետը «Խարխափուտ» սահմանային հսկիչ կետ է այցելել

Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 12-ին ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանի, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արայիկ Բաղրյանի և քաղաքաշինության նախարարի տեղակալ Գեորգի Հայրիյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է «Խարխափուտ» սահմանային հսկիչ կետում: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջից;

Գրիգորի Մարտիրոսյանը հետևել է վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ առողջապահության նախարարության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից իրականացվող հսկողական աշխատանքներին, հետաքրքրվել տեղերում ծառայություն իրականացնող անձնակազմի աշխատանքային ու կենցաղային պայմաններով: Պարետը քաղաքաշինության նախարարի տեղակալին հանձնարարել է աշխատանքներ իրականացնել անցակետի վերազինման և բարեկարգման ուղղությամբ: Նախատեսվում է տեղում ապահովել արագ թեստ հանձնելու հնարավորությունը, աշխատանքների արդյունավետությունն ավելի բարձրացնելու և կուտակումներից խուսափելու նպատակով ավելացնել բժշկասանիտարական ևս մեկ կետ, ավելացնել ուժային կառույցների ներկայացուցիչների թիվը, լրացուցիչ տեղադրել գիշերային լուսավորության սարքավորումներ:

Պետական նախարարը պատասխանատուներից պահանջել է հսկողական աշխատանքներում ցուցաբերել առավել մեծ պատասխանատվություն՝ ուղղված կորոնավիրուսի հետագա ներթափանցման ռիսկի նվազեցմանը: