կարևոր
1973 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-12 17:08

Թուրքիան վերաբացում է իր բոլոր սահմանները՝ բացառությամբ թուրք-իրանականի

Թուրքիան վերաբացում է իր բոլոր սահմանները՝ բացառությամբ թուրք-իրանականի

Թուրքիան կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով փետրվարի վերջից փակել էր ցամաքային, օդային և ծովային բոլոր սահմանները։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ հունիսի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի գլխավորած նախարարների խորհրդի նիստում կորոնավիրուսի դեմ պայքարում արձանագրված դրական զարգացումների համատեքստում քննարկվել է օտարերկրացի քաղաքացիների՝ Թուրքիա մուտք գործելու և Թուրքիայի քաղաքացիների՝ երկրից դուրս գալու հարցերը։

Նիստին որոշում է կայացվել վերաբացել բոլոր սահմանները՝ բացառությամբ թուրք-իրանական սահմանակետերի, որոնք նախատեսված են ուղևորների համար։ 

Թուրքիա մուտք գործող բոլոր քաղաքացիները բժշկական ստուգում են անցնելու։ Ստուգումների ընթացքում կորոնավիրուսի ախտանշանների առկայության դեպքում քաղաքացիները թեստավորվելու են և այս գործընթացի  հետ կապված ընթացակարգերն ու սկզբունքները որոշվելու են Թուրքիայի առողջապահության նախարարության կողմից։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ից փակվել էին Իրանին սահմանակից  անցակետերը։ Սակայն հունիսի 5-ից բեռնափոխադրումների համար վերաբացվել էր Դուղուբեյազըթ նահանգի «Գյուրբուլաք» անցակետը։

Ի դեպ, Թուրքիան հարևան երկրներից միայն Հայաստանի հետ ունի մշտապես փակ սահման։ Թուրքիան 1993 թվականի ապրիլից միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին: