կարևոր
1770 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-12 16:36

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է մարզի խոշոր բուժկենտրոններ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Ինչպես արդեն նշել էի, համավարակի այս շրջանում այցելելու եմ մարզի խոշոր բուժկենտրոններ, մեծ ու փոքր համայնքների բուժամբուլատորիաներ և առողջության առաջնային պահպանման կենտրոններ՝ տեղում ծանոթանալու պայմաններին ու համավարակի դեմ արդյունավետ պայքարելու անհրաժեշտ միջոցներով ապահովվածությունը:

Աշխատանքային այցով եղա Չարենցավանի բժշկական կենտրոնում, որտեղ հանդիպում ունեցա մեր հարգելի բուժաշխատողների հետ՝ համավարակի դեմ պայքարի այս փուլում կատարված աշխատանքները քննարկելու և հետագա անելիքների վերաբերյալ մտքեր փոխանակելու նպատակով:

Չարենցավանը Կոտայքի մարզի այն համայնքներից է, որտեղ առաջինը համավարակի բռնկում եղավ և բոլորս քաջ գիտակցում ենք, որ ամենը, ինչի միջով անցել և շարունակում են պատվով անցնել մեր բուժաշխատողներն, իսկական հերոսություն է:

Ի պատիվ Չարենցավանի ԲԿ-ի բուժանձնակազմի, ուրախությամբ կարող եմ ասել, որ ոչ միայն հաջողվել է տեղայնացնել կորոնավիրուսի վարակման հիմնական օջախներից մեկն, այլև մարել ու դեպքերի անկում գրանցել:

Իմ, Կառավարության, մարզպետարանի և պարզապես մեր քաղաքացիների անունից շնորհակալության խոսքեր փոխանցեցի մեր բուժաշխատողներին և հայտնեցի իմ պատրաստակամությունը՝ համավարակի հաղթահարումից հետո միասին ձեռնամուխ լինելու նոր որակի ու չափորոշիչների համապատասխան, նոր փորձառությամբ ու համավարակներին դիմակայելու պատրաստ բժկական կենտրոն ունենալու գործին:

Չարենցավանի ԲԿ-ն պետք է դառնա ժամանակակից ու հզոր սարքավորումներով զինված բժշկական կենտրոն ու առաջատարներից մեկը լինի մեր տարածաշրջանում:

Բոլորս միասին պետք է լծվենք մեր երկրում առողջապահության համակարգի կայացման աշխատանքներին:

Բժշկական կենտրոնի տնօրենի հետ դիտարկեցինք հիվանդանոցին կից կառուցվող հատվածը, որտեղ ներկա պահին շինարարական ակտիվ աշխատանքներ են ընթանում:

Աշխատանքների ավարտից հետո տարածքը կծառայի կորոնավիրուսային վարակ ունեցող մեր քաղաքացիների սպասարկմանը, իսկ հետագայում նույն տարածքում կտեղակայվի բուժկենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքը:

Եվս մեկ անգամ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մեր սիրելի բուժաշխատողներին»,-գրել է մարզպետը։