կարևոր
720 դիտում, 10 ամիս առաջ --> 2020-06-12 16:21

Անթույլատրելի է երկարացնել արտակարգ դրությունը՝ առանց բովանդակային, լուրջ ուսումնասիրության. Արծվիկ Մինասյան

Անթույլատրելի է երկարացնել արտակարգ դրությունը՝ առանց բովանդակային, լուրջ ուսումնասիրության. Արծվիկ Մինասյան

«Պարոն Մելիքյանի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պահանջը տրամաբանական է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ, ՀՅԴ ԳՄ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը, ով Արաբկիրի դատարանի մոտ էր՝ ի աջակցություն բերման ենթարկված իրավապաշտպանների։

«Ընդհամենը օրեր առաջ ՀՅԴ-ն հայտարարությամբ հանդես եկավ, ըստ որի առաջարկվում էր խորհրդարանում գնահատել ստեղծված իրավիճակը, լուծման ելքեր փնտրել և պատասխանատվության կանչել մեղավոր անձանց։ Մեր խորին համոզմամբ՝ մինչև այս հարցերին պատասխան չտրվի, չի կարող քննարկվել արտակարգ դրությունը երկարացնելու հարցը։ Ակնհայտ է, որ այս ժամանակահատվածում, երբ երկրում արտակարգ դրություն էր, հիմնականում սահմանափակվել է ՀՀ քաղաքացիների քաղաքական իրավունքները։ Անգործությունը, որը դրսևորեց իշխանությունը կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին օրերին, վկայում է այն մասին, որ կառավարությունը ձախողել է համավարակի դեմ պայքարի այս քաղաքականությունը, և նորից մեխանիկորեն երկարացնել արտակարգ դրությունն առանց բովանդակային, լուրջ ուսումնասիրության, առանց իրավիճակի գնահատման, համարում ենք անթույլատրելի»,- նշեց նա։

Հարցին՝ արդյո՞ք կորոնավիրուսի դեմ պայքարում արտակարգ դրությունը երկարացնելը էֆեկտիվ միջոց է, Արծվիկ Մինասյանը պատասխանեց․

«Էֆեկտիվությունը գնահատելու համար պետք է փաստագրումներ անել՝ ինչքան էր հիվանդության ծավալը արտակարգ դրություն սկսելուց առաջ, ինչքան էր այդ միջանկյալ ժամանակատվածում։ Իմ խորին համոզմամբ սահմանադրական կոպտագույն խախտում է արտակարգ դրությունը նման մեխանիկական ձևով երկարացնելը, սա փորձ է՝ քողարկելու սեփական անպատասխանատվությունը։ Բայց գալու է օրը, երբ բոլորը պատասխան տան իրենց արարաքների համար, հետևաբար, արհեստականորեն ձգձգել արտակարգ դրությունը, սահմանափակել մարդկանց՝ իրացնելու իրենց իրավունքները, հաճախ նաև անտրամաբանական պահանջներ առաջադրելը բերելու է նրան, որ հասարակությունում է՛լ ավելի է լարվելու մթնոլորտը։ Ինչքան շուտ այս բանը գիտակցի իշխանությունը, վերադառնա օրինականության և հանրային պատասխանատվության դաշտ, այնքան արդյունավետ կլինի, հակառակ դեպքում՝ ներկա վարչակազմի՝ ամբողջությամբ պատասխանատվության առաջ կանգնելն անխուսափելի է»։

Արծվիկ Մինասյանն անդրադարձավ նաև ուժային կառույցներում կատարվող կադրային փոփոխություններին, նշելով, որ դա գտնվում է գործադիր իշխանության իրավասության ներքո։

«Անտրամաբանական է, երբ բացատրություններ չեն տրվում և անբացատրելի է, երբ ամեն պաշտոնանկությանը նախորդում է բարձր գնահատական համակարգի աշխատանքի վերաբերյալ, այնուհետև հետևում է պաշտոնանկություն։ Հարց է առաջանում, որո՞նք են այն չափորոշիչները, որոնցով պետք է առաջնորդվի ղեկավար կազմը՝ գնահատելու համար այդ ծառայությունների աշխատանքը։ Մյուս կողմից, վարչապետը չի էլ թաքցնում, որ փորձում է նշանակումներ կատարել անձնական նվիրվածության սկզբունքի համաձայն։ Եվ վերջապես, պրոֆեսիոնալիզմի սկզբունքը որևէ այլ սկզբունքի չպետք է ստորադասվի։ Գործող իշխանությունը կադրային քաղաքականության ոչ մի քննադատության չի դիմանում»,- նշեց Մինասյանը։

Հիշեցնենք, որ այսօր, Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա իրականացնող իրավաբաններին, որոնք պահանջում էին արտակարգ դրության պայմաններում թույլ տալ խաղաղ հավաքների անցկացումը, ոստիկանության ծառայողները բերման էին ենթարկել։