ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ կառավարության համար ամեն քաղաքացու կյանքն անգին է, և ամեն օր մարդկային կորուստ ունենալը դժոխք է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով գումարված ԱԺ հատուկ նիստում՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի հարցին:
Տոնոյանը նկատեց, որ Փաշինյանը հայտարարել էր, երկիրը կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացում անցնում է դժոխքի միջով, իսկ 2 օր առաջ հայտարարել է, որ ՀՀ-ն լավ ցուցանիշներ ունի անգամ ամենազարգացած երկրների ցուցանիշների համեմատ: Պատգամավորի տեղեկություններով, սակայն, ՀՀ-ում 10 անգամ ավելի շատ մարդ է վարակվում, քան եվրոպական 1 տասնյակ երկրներում միասին վերցրած՝ օրինակ Իտալիայում, Դանիայում, Չեխիայում և այլն: Նա նաև հիշեցրեց այն դեպքը, երբ ուշ բուժօգնություն ստանալու պատճառով եղել էր մահացության մեկ դեպք, ևս երկու դեպք արձանագրվել էր, քանի որ պացիենտները չէին եղել ռեանիմացիայում: «Արդյոք հետևողակա՞ն եք լինելու այս մահերի դեպքերը բացահայտելու, մեղավորներին պատժելու ուղղությամբ համապատասխան գործողություններ իրականացնելու հարցում»,-հետաքրքրվեց պատգամավորը:
Վարչապետը նկատեց՝ մեկ օրվա վարակվածների տվյալները ճիշտ համեմատություն չեն, որովհետև պատգամավորի նշած շատ երկրներ արդեն դժոխքի միջով անցել են, դժոխքի ամենաթեժ շրջանը հաղթահարել են՝ ունենալով բազմաթիվ մարդկային կորուստներ: «Եվ, երբ ասում եմ, որ դժոխքի միջով ենք անցնում, մեզ համար ամեն քաղաքացու կյանքը բացառիկ է, անգին է: Եվ, երբ ամեն օր մարդկային կորուստ ենք ունենում, դա իհարկե դժոխք է»,-նշեց Փաշինյանը:
Նա նկատեց՝ աշխարհի գերզարգացած երկրներում եղել են դեպքեր, երբ մարդուն հիվանդանոցից ներս չեն կարողացել տանել, տարել են հիվանդանոցի մոտակա զբոսայգի, որևէ ծառի տակ պառկեցրել են, և մարդն այդպես մահացել է: «Եվ դուք աշխարհի այդ երկրներում նման շեշտադրումներ չեք գտնի, թե արդյոք պատրաստվո՞ւմ են հետաքննություն անել և այդ մարդու մահվան համար մեղավորին պատժել: Ես ընդհակառակը կասեմ՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում մեր առողջապահական համակարգում, պետք է, որ տեղի չունենար, որովհետև ամեն օր և սովորական մահճակալային, և ռեանիմացիոն տեղերի ավելացում է կատարվում »,-նշեց Փաշինյանն ու հավելեց՝ իր նշած դեպքի մեղավորը ոչ միայն առողջապահական համակարգն է, այլ նաև հարազատները, որոնք դեպքի մասին շատ ուշացումով են հայտնել:
Հայաստանում հունիսի 12-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15 281 դեպք, որոնցից 5639-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9298 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 77 686 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 258 դեպք: