ՀՀ կառավարությունում շարունակվում է քննարկվել կորոնավիրուսի համաճարակի պայմաններում հեռավար աշխատանքի կազմակերպման հարցը: Այս մասին հունիսի 12-ին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկման ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանի հարցին:
«Եթե անմիջական հանդիպելը շատ մեծ անհրաժեշտություն չէ, կարող ենք մեր խորհրդակցություններն ու քննարկումներն անցկացնել հեռավար: Դա շատ լավ հնարավորություն է: Արդյունավետության անկում ընդհանրապես չի լինում, որոշ դեպքերում կարող է լինել արդյունավետության ավելացում»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ, ցավոք, օրենսդրությունը թույլ չի տալիս խորհրդարանի նիստերն անցկացնել հեռավար կարգով, սակայն ԱԺ պատգամավորների մեջ չկան վարակված անձինք, ինչը նշանակում է, որ նրանք բացառիկ պատասխանատու մարդիկ են, որոնցով կարելի է հպարտանալ:
Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ: