16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Նորքի տուն ինտերնատում հնարավոր է եղել կանխել կորոնավիրուսային վարակի ավելի շատ տարածումը: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ խոսելով վարակի հնարավոր աղբյուրի մասին:
«Մեր տեղեկություններով՝ տարեցների խնամքի տանը գտնվող անձանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց և թեև թեստավորման բացասական արդյունք է ունեցել, սակայն վերադառնալուց մի քանի օր անց նույն սենյակում գտնվող անձի մոտ է հայտնաբերվել կորոնավիրուս, հետո նաև՝ իր մոտ: Վարկածներից մեկն է, որ գուցե այդ վարակը կարող է նաև հիվանդանոցում լինել»,-ասել է Բաթոյանը:
Նա նշել է՝ մանկատանը ևս դեպքեր կան: Հիշեցրել է՝ այդ հաստատություններում կարանտին էր սահմանված դեռևս փետրվարից: Աշխատակիցները 14-օրյա հերթափոխային ռեժիմով են աշխատում: «Միևնույն է, որևէ կերպ չենք կարող ամբողջությամբ խնդիրը լուծել, որովհետև ասիմպտոմ դեպքեր են լինում, և նույնիսկ ջերմաչափումները ցույց չեն տալիս, միայն թեստավորման արդյունքում է հնարավոր լինում դա հայտնաբերել: Հիմա բոլոր միջոցառումներն իրականացվել են: Բարեբախտաբար, Նորքի տունինտերնատում վարակի տարածումը կանխվել է և ավելի շատ չի տարածվել»,-ասել է նախարարը:
Մայիսին հայտնի էր դարձել, որ Նորքի տունինտերնատում բնակվող ավելի քան 40 ավագ սերնդի ներկայացուցչի, ինչպես նաև անձնակազմից մի քանիսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն: