կարևոր
1889 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-12 13:10

Անհնար է առաջընթացի հասնել՝ միլիոնավոր ամերիկացիների ռասիզմի մեջ մեղադրելով. Թրամփ

Անհնար է առաջընթացի հասնել՝ միլիոնավոր ամերիկացիների ռասիզմի մեջ մեղադրելով. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր աշխատակազմը հրաման կհրապարակի ոստիկանների կողմից ուժի կիրառման համազգային ստանդարտների վերաբերյալ: Թրամփն այս մասին ասել է ելույթ ունենալով Դալասում (Տեխաս նահանգ) կազմակերպված կրոնական միության, իրավապահ մարմինների եւ փոքր բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղանին։ Այս մասին փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Նա խոստացել է, որ իր վարչակազմն ավելի շատ ներդրումներ կանի ոստիկանների պատրաստության գործում, իր աջակցությունն է հայտնել իրավակարգի պահապաններին եւ ընդգծել, որ անհնար է առաջընթացի հասնել՝ միլիոնավոր ամերիկացիների ռասիզմի մեջ մեղադրելով:

«Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե ինչպես ապահովել արդարություն, հավասարություն եւ արդարադատություն մեր ամբողջ ժողովրդի համար»,- ասել է Թրամփը: «Ցավոք, կան հանրությանը բաժանելու փորձեր՝ առաջ մղելով ծայրահեղական օրակարգը, որին մենք չենք ձգտում: Դա կհանգեցնի միայն աղքատության աճին, հանցավորության եւ տառապանքի աճին: Դա նաեւ ոստիկանության ֆինանսավորումը կրճատելու կամ այն ցրելուն հասնելու արմատական պահանջներն են»,- հավելել է ԱՄՆ նախագահը:

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան հետեւանքով առաջացած համազգային բողոքի ցույցերի սկսվելուց հետո Թրամփը առաջին անգամ առաջարկել է ոստիկանության եւ միջռասայական հարաբերությունների վերաբերյալ իր տեսլականը: Ֆլոյդի մահր առաջացրել էր բողոքի ալիք, ինչը նպաստել էր «Սեւամորթների կյանքը նշանակություն ունի» (Black Lives Matter) շարժման ուժեղացմանը: Սակայն ԱՄՆ եւ Եվրոպայի տարբեր քաղաքներում ցույցերն ուղեկցվում են անկարգություններով, բռնությամբ եւ վանդալիզմի ակտերով:

Թրամփի աշխատակազմի առաջարկները տարբերվում են դեմոկրատների մշակած ոստիկանության բարեփոխման մասին օրինագծից: Ներկայացուցիչների պալատում այս օրինագծով քվեարկությունը պետք է տեղի ունենա հուլիսի 4-ին: Սենատում հանրապետական մեծամասնությունն իր հերթին աշխատում է օրինագծի սեփական տարբերակի վրա:

Նախագահը շեշտել է, որ իր վարչակազմը պատրաստվում է նպաստել շրջանների տնտեսական զարգացմանը, որտեղ բնակվում են ռասայական փոքրամասնությունները, լուծել առողջապահության ոլորտի խնդիրները եւ բնակչությանը ավելի շատ հնարավորություն ընձեռել դպրոցի ընտրության հարցում: