կարևոր
1340 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-11 20:31

Աբովյանի բժշկական կենտրոնը վերազինվեց վերջին սերնդի՝ գերժամանակակից թվային ռենտգեն սարքավորումներով

Աբովյանի բժշկական կենտրոնը վերազինվեց վերջին սերնդի՝ գերժամանակակից թվային ռենտգեն սարքավորումներով

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր այցով եղավ Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնում: Մարզպետն իր խոսքում բազմիցս է նշել, որ իր և առողջապահական ոլորտի ներկայացուցիչների համար առաջնային նպատակներից մեկն է՝ համահարթեցնել առողջապահական ծառայությունների որակը մայրաքաղաքում և մարզերում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Այսուհետ Աբովյանի բժշկական կենտրոնի ախտորոշիչ բաժանմունքում կշահագործվի գերժամանակակից թվային ռենտգենաբանական սարքավորում: Սարքավորումը ձեռք է բերվել սեփական միջոցների և լիզինգային ծրագրի համաֆինանսավորմամբ։

Առողջապահական ամենատարբեր խնդիրների դեպքում մեր քաղաքացիները որակյալ սպասարկման և արագ ու ճշգրիտ ախտորոշման հնարավորություն կունենան:

Իսկ կորոնավիրուսային համավարակի այս օրերին նման սարքավորման շահագործումն առավել կենսական նշանակություն ունի:

Մարզպետը, փոխմարզպետ Ա.Ավետիսյանի և Կոտայքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Ա.Չիլինգարյանի հետ հանդիպում ունեցավ բուժանձնակազմի հետ, ինչպես նաև շրջեց բուժկենտրոնի բաժանմունքներում:

Բժիշկների հետ համավարակի այս փուլի վերաբերյալ տարբեր մտքեր փոխանակեցին, փորձեցին հասկանալ առկա խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները: Մարզպետը բուժաշխատողներին փոխանցեց անձամբ իր և մեր հարյուրավոր քաղաքացիների կողմից ստացվող երախտիքի խոսքերը: Մեր բուժախատողների մարտական ոգին ու նվիրվածությունը միայն հիացմունքի է արժանի:

Բուժկենտրոնի ղեկավարի հետ շրջեցին տարբեր բաժանմունքներով և ծանոթացան շենքի այն հատվածին, որի երկու հարկերում նախատեսվում է կենտրոնացնել ախտորոշիչ բաժանմունքն իր օժանդակ ծառայություններով: Քննարկեցին վերանորոգման և սենյակների վերաձևավորման նախնական տարբերակներ:

Մարզպետը նշեց, որ համավարակի վերջնական հաղթահարումից հետո արդեն կխոսեն կորոնավիրուսի տված դասերի, թույլ տված բացթողումների ու սխալների մասին, իսկ այս փուլում բժշկական կենտրոնի բուժանձնակազմը, ՀՎԿԱԿ-ի մարզային կենտրոնն ու մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը բարեխիղճ և հնարավորինս լավ են լուծում իրենց առջև ծառացած խնդիրները:

Նա ևս մեկ անգամ իր խորին երախտագիտությունն հայտնեց սպիտակ համազգեստով մեր առաջամարտիկներին, ովքեր ամիսներ շարունակ ուժերի գերլարումով պայքար են մղում բոլորիս կյանքերի համար»,- ասվում է հայտարարությունում։

103394297_862802857563865_4463335008822690729_o.jpg