կարևոր
3302 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-11 20:00

Շիրակի մարզից տասնյակ ոստիկաններ ինքնամեկուսացել են

Շիրակի մարզից տասնյակ ոստիկաններ ինքնամեկուսացել են

Շիրակի մարզպետարանի հաղորդած այսօրվա տվյալներով՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում  կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում, որոնցից 45-ը Շիրակի մարզի բնակիչներ են։

Այս օրերի ընթացքում, բարեբախտաբար, Շիրակի մարզում մահվան նոր դեպքեր չեն արձանագրվել, 28 հիվանդների էլ  տեղափոխել  են Երևան։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում հիվանդների թվաքանակի համեմատաբար  քիչ լինելը դեռ չի նշանակում, որ այս մարզում վարակը տարածված չէ։

Նույն պաշտոնական տվյալներով՝ Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 758 քաղաքացի, որոնցից 118-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով և հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Նշենք, որ Շիրակի մարզից տասնյակ ոստիկաններ ինքնամեկուսացել են․  հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հետազոտություններ էր անցկացրել Շիրակի մարզի ոստիկանության տարբեր բաժանմունքներում․ վարակակիրներ հայտնաբերվել էին ամենուր՝ թե՛ Ախուրյանի ոստիկանությունում, թե՛ Գյումրու «Կումայր»-ի և «Մուշ» բաժիններում։

Ամեն բաժնում 1-3 վարակակիր եղել է, որոնց պատճառով էլ տասնյակ ոստիկաններ ինքնամեկուսացման ցուցում են ստացել։ Վերջին օրերին հիվանդացության նոր դեպքեր են արձանագրվել նաև բուժաշխատողների շրջանում։