Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հունիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։
Քննարկվել են բուժական և հակահամաճարակային միջոցառումներին առնչվող հարցեր: Առողջապահության ոլորտի պատասխանատուները ներկայացրել են Հայաստանում և Վրաստանում ստեղծված համաճարակային իրավիճակը, մտքեր փոխանակել առաջացած մարտահրավերին հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակում ձեռնարկվող միջոցառումների մասին, ինչպես նաև քննարկել փոխօգնության հնարավորությունները:
Կարևորելով երկկողմ քննարկումները՝ գործընկերները պայմանավորվել են ստեղծել փորձի փոխանակման մշտական հարթակ: Այդ առնչությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջին նմանատիպ քննարկումն իրականացնել տեսակապի ձևաչափով` երկու երկրի առողջապահության նախարարների մասնակցությամբ:
ՀՀ առողջապահության նախարարը բարձր է գնահատել Հայաստանի ու Վրաստանի ժողովուրդների միջև բազմադարյա բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված սերտ համագործակցությունը, որն արտահայտվում է նախևառաջ մարտահրավերները, այդ թվում՝ համավարակը փոխօգնության ոգով իրականացնելու հարցում:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հակահամաճարակային միջոցառումների թեմայով ռազմավարական հարցերի երկկողմ քննարկումներ կազմակերպելու շուրջ, հատկապես` աշնանը համավարակի հնարավոր տարածմանը պատրաստ լինելու համար։
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության նիստին հայտարարել է, որ Վրաստանը կօգնի Հայաստանին և վրացի բժիշկներ կգործուղի՝ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը հաղթահարելու համար։
Նա նշել է, որ որևէ երկիր չի կարող միայնակ հաղթահարել կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը:
Նրա խոսքով, Վրաստանը քննարկում է հարևան Հայաստանին օգնելու հարցը և համապատասխան առաջադրանքը տրվել է առողջապահության նախարարությանը:
«Մենք պետք է իրար նկատմամբ ցուցաբերենք փոխադարձ աջակցություն: Ինչպես գիտեք, մեր հարևան երկրներում, վերջին ժամանակաշրջանում բավականին լարվել է իրավիճակը: Անձամբ ես ամեն օր հաղորդակցվում եմ Հայաստանի վարչապետի հետ, ինչպես նաև առողջապահության և էկոնոմիկայի, արտաքին գործերի նախարարները։ Մենք արդեն նույնականացրել ենք, թե ինչ տիպի օգնություն է անհրաժեշտ մեր հարևաններին: Այստեղ փոխադարձ աջակցությունն անչափ կարևոր է: Առողջապահության նախարարությունն արդեն ստացել է առաջադրանք, պատրաստել այն օգնությունը, որը Վրաստանը կարող է ցուցաբերել հարևան Հայաստանին: Ինչպես երևում է, առաջին հերթին դա կլինի բժշկական անձնակազմով օգնություն»,- հայտարարել է Գախարիան: