կարևոր
622 դիտում, 10 ամիս առաջ --> 2020-06-11 17:48

Եվրոպական որ երկրներն են բացում իրենց սահմանները տուրիզմի սեզոնին ընդառաջ

Եվրոպական որ երկրներն են բացում իրենց սահմանները տուրիզմի սեզոնին ընդառաջ

Ճանապարհորդելու մտադրություն ունեցողները պետք է պարբերաբար իրազեկվեն Եվրոպական Միության երկրների` ցամաքային և օդային հաղորդակցության վերաբացման մոտեցումներին։  ԵՄ երկրների գերակշիռ մասում սահմանները փակ կմնան առավելագույնս մինչև հունիսի 15-ը։ ԵՄ հանձնաժողովը կոչ է արել վերաբացել ներքին սահմանները մինչև հունիսի վերջ։ Այս մասին է հաղորդում Euronews-ը։               

Ավստրիան բացել է իր ցամաքային սահմանները Գերմանիայի, Շվեյցարիայի, Լիխտենշտեյնի, Սլովակիայի, Սլովենիայի, Հունգարիայի և Չեխիայի հետ։ Երկիրը հունիսի 16-ից կվերաբացի իր սահմանը Իտալիայի հետ, բայց Լոմբարդիայի շրջանի համար կտրվի ճանապարհորդական նախազգուշացում: Եվրամիության երկրների մեծ մասի համար սահմանափակումներ չեն լինի: Մարդիկ, ովքեր ժամանում են Ավստրիա «ցանկացած այլ երկրից», այնուամենայնիվ, պետք է ունենան բժշկական վկայագիր, որը հաստատում է բացասական COVID-19 թեստը: Վկայագիրը չի կարող լինել ավելի քան չորս օրվա հնություն:      

Բելգիայի սահմանները փակ են, իսկ երկիրը արգելել է ոչ էական ճանապարհորդությունները։ Կառավարությունը հայտարարեց հունիսի 15-ից ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի և Շենգենյան չորս այլ երկրների (Շվեյցարիա, Լիխտենշտեյն, Իսլանդիա և Նորվեգիա) քաղաքացիների համար սահմանը վերաբացելու պլանների մասին:    

Կիպրոսը վերաբացել է իր սահմանները Հունաստանի, Մալթայի, Բուլղարիայի, Նորվեգիայի, Ավստրիայի, Ֆինլանդիայի, Սլովենիայի, Հունգարիայի, Իսրայելի, Դանիայի, Գերմանիայի, Սլովակիայի և Լիտվայի հետ, բայց այդ երկրների քաղաքացիները պետք է ունենան COVID-19-ի առողջության վկայագիր՝ թեստի բացասական պատասխանով։ Հունիսի 20-ին թույլատրվելու է նաև Շվեյցարիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Խորվաթիայից, Էստոնիայից և Չեխիայից ուղևորների մուտքը։ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Իսպանիան և Իտալիան մնում են բացառված, մինչև հետագա զարգացումները:     

Չեխիայի սահմանները վերաբացվել են Ավստրիայի ու Գերմանիայի հետ։ Որոշակի սահմանափակումներով վերաբացվել են նաև ընդհանուր սահմանները Սլովակիայի ու Հունգարիայի հետ։ Երկիր մուտք գործող քաղաքացիները պետք է ունենան անպայմանորեն COVID-19-ի թեստի բացասական պատասխան։            

Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հայտարարել է, որ նախատեսում է հունիսի 15-ից վերաբացել Ֆրանսիայի սահմանը ԵՄ երկրների և Մեծ Բրիտանիայի հետ՝ հետևելով ԵՄ այլ երկրների սահմանափակման ծրագրերին: Մեծ Բրիտանիայից կամ Իսպանիայից ժամանող ճանապարհորդները ենթակա են ինքնամեկուսացման: ԵՄ-ից կամ Մեծ Բրիտանիայից դուրս գտնվողները դեռևս չեն կարողանա մեկնել Ֆրանսիա, բացառությամբ սահմանափակ հանգամանքների, մինչդեռ ԵՄ երկրները դեռ պետք է որոշեն, թե երբ կվերաբացվեն արտաքին սահմանները։

Հունիսի 16-ից Գերմանիան կբացի իր սահմանները ԵՄ-ի երկրների և Մեծ Բրիտանիայի համար։ Սահմաններում սահմանափակումները թուլացվել են: Ավստրիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի և Դանիայի հետ սահմանին և Իտալիայից ու Իսպանիայից օդային ուղիներով ժամանող ուղևորների համար ստուգումներն ուժի մեջ են մնում մինչև հունիսի 16-ը:                           

Հունաստանում միջազգային ժամանումների քանակը կլինի խիստ սահմանափակ։ Բոլոր ժամանող ուղևորները պետք է COVID-19-ի թեստ հանձնեն և գիշերեն նախատեսված հյուրանոցում: Անգամ բացասական պատասխանների դեպքում ուղևորները պետք է կարանտինային ռեժիմի անցնեն 7 օրով։ Եթե թեստը դրական է, ապա նրանք պետք է 14 օրյա կարանտին անցնեն խիստ հսկողության տակ: Հունիսի 15-ից զբոսաշրջային ճանապարհորդությունը կվերսկսվի, և միջազգային չվերթներ կիրականացվեն ոչ միայն դեպի Աթենք, այլև Սալոնիկ։ Բոլոր մյուս ուղևորները՝ ներառյալ Ալբանիայից, Ավստրալիայից, Ավստրիայից, Հյուսիսային Մակեդոնայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Դանիայից, Շվեյցարիայից, Էստոնիայից, Ճապոնիայից, Իսրայելից, Չինաստանից, Խորվաթիայից, Կիպրոսից, Լատվիայից, Լիբանանից, Նոր Զելանդիայից, Լիտվայից, Մալթայից, Չեռնոգորիայից, Նորվեգիայից, Հարավային Կորեայից, Հունգարիայից, Ռումինիայից, Սերբիայից, Սլովակիայից, Սլովենիայից, Չեխիայից և Ֆինլանդիայից, ենթակա են կամավոր թեստ հանձնելուն, և այլևս սահմանափակումներ չեն լինելու:            

Իտալիան իր սահմանները բացել է ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի, Շենգենյան տարածաշրջանի, Անդորրայի և Մոնակոյի քաղաքացիների համար։ Դրանից ավելի վաղ սահմանները բացվել են նաև Վատիկանի և Սան Մարինոյի հետ։ Վերոնշյալ երկրներից եկած ճանապարհորդները ստիպված չեն լինի կարանտին անցնել, քանի դեռ նրանք 14 օրվա ընթացքում չեն եղել որևէ այլ երկրում, մինչև Իտալիա հասնելը:        

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն ասել է, որ արտասահման մեկնելը աշխատանքի, բժշկական կամ ուսումնական, հարազատներին խնամելու նպատակներով այցը թույլատրվելու է։ Սակայն Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ «սահմանված ժամկետ» դեռ չկա միջազգային չվերթները վերսկսելու համար։                                         

Իսպանիան իր սահմանները կբացի միջազգային այցելուների համար հուլիսի 1-ին՝ չեղարկելով զբոսաշրջության նախարար Ռեյես Մարոտոյի նախորդ հայտարարությունը, որ հունիսի 22-ին կհեռացվեն հարևան Պորտուգալիայի և Ֆրանսիայի հետ սահմանային անցումների սահմանափակումները: Ներկայումս այն մարդիկ, ովքեր դրսից մուտք են գործում ազգային տարածք, պետք է իրենց ժամանումից հետո 14 օր մնան կարանտինում, բայց պաշտոնյաների խոսքով, դա կավարտվի հուլիսի 1-ին:                                            

Թուրքիայում դեռևս չի թույլատրվի միջազգային ոչ մի չվերթ։                

Բաց են Միացյալ Թագավորության սահմանները։ Սակայն այցելուները պետք է անցնեն 14-օրյա կարանտին։ Ինչպես մյուս երկրներում, որոշ մասնագիտություններ ազատված են այդ կանոններից, ինչպիսիք են առողջապահական աշխատողները, որոնք ճանապարհորդում են երկրում առողջապահական ծառայություններ մատուցելու համար: Ժամանելուն պես նրանք, ովքեր ինքնակամ մեկուսացման կարիք ունեն, պետք է տրամադրեն իրենց ճանապարհորդության և կապի մանրամասները: