կարևոր
1315 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-11 17:34

Սերգեյ Կոպիրկինը ներկայացրեց Հայաստանի ու Ռուսաստանի համատեղ պայքարը COVID-19-ի դեմ

Սերգեյ Կոպիրկինը ներկայացրեց Հայաստանի ու Ռուսաստանի համատեղ պայքարը COVID-19-ի դեմ

Կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու նպատակով համավարակի առաջին իսկ օրերից Ռուսաստանն ու Հայաստանը, որպես դաշնակից երկրներ, որպես ԵԱՏՄ անդամ պետություններ՝ շատ սերտ համագործակցում են։ Ռուսաստանի օրվան ընդառաջ կայացած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Արտակարգ դրության հաստատման առաջին օրերից երկու երկրի ղեկավարները, ինչպես նաև Առողջապահական համակարգի պատասխանատուները մշտապես կապի մեջ են միմյանց հետ։ Վիրուսի դեմ պայքարի ամենավաղ փուլերում մեր պրոֆիլային գերատեսչությունները հայ գործընկերներին են փոխանցել 1500 թեստ՝ վարակի հայտնաբերման համար։ Հետագայում ևս 2 անգամ Հայաստանի առողջապահության նախարարությանը տրամադրվել է թեստավորման 20 հազարական փաթեթ»,- նշեց Կոպիրկինը և հավելեց, որ համավարակի դեմ պայքարում զգալի ներդրում ունի նաև ռուսական նորագույն ախտորոշիչ լաբորատորիան, որը Հայաստանում է գտնվում ապրիլի 7-ից ու երկու երկրի Պաշտպանության նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքն է։

ՀՀ-ում ՌԴ դեսպանն ընդգծեց, որ աշխատանքի ընթացքում ռուս մասնագետները մոտ 7 հազար թեստ են արել։ «Օրերս տեղեկացրել ենք նաև, որ «Ռոսպոտրեբնադզոր»-ի կողմից Հայաստանին կտրամադրվի լաբորատոր հետազոտությունների լրացուցիչ ֆինանսավորում։ Անմասն չեն մնացել նաև ՀՀ-ում ռուսական կապիտալով աշխատող ընկերությունները։ Հարավկովկասյան երկաթուղին, ՎՏԲ բանկը, Հայաստանի էլեկտրական ցանցերը և մի շարք այլ ընկերություններ զգալի միջոցներ են փոխանցել Հայաստանի ֆինանսների նախարարության հատուկ հաշվին՝ վարակի դեմ պայքարելու համար», - նշեց Կոպիրկինը: