կարևոր
537 դիտում, 10 ամիս առաջ --> 2020-06-11 17:00

ԵԱՏՄ շրջանակում ֆիքսվել է ՀՀ-ի հետ ընդհանուր սահման չունենալու խնդիրների լուծման կարիքը

ԵԱՏՄ շրջանակում ֆիքսվել է ՀՀ-ի հետ ընդհանուր սահման չունենալու խնդիրների լուծման կարիքը

 ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության տարում հաջողվել է միության ռազմավարությունում արձանագրել Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ երկրների հետ սահման չունենալու հետ կապված որոշ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: ՀՀ Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանն այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

2019-ի ընթացքում ԵԱՏՄ 5-ամյա ռազմավարական ծրագրի շուրջ ինտենսիվ աշխատանքներ են իրականացվել: Դրանում արձանագրվել են կարևորագույն հարցեր, ներառվել որպես լուծման ենթակա խնդիրներ: «Մենք համարում ենք, որ ԵԱՏՄ կարգավորիչ և իրավական փաստաթղթերը բավարար բովանդակություն չունեն այն մասով, որը վերաբերվում է ԵԱՏՄ անդամ երկրներին, որոնք չունեն սահման: Այսինքն, մենք միշտ բախվում էինք մի իրավիճակի հետ, որ կարծես թե կանոնակարգված կարգավորումներ կան, բայց այս կանոնակարգման մեջ մենք չենք զգում, որ անդրադարձ է կատարվում այն խնդիրներին, որոնք վերաբերվում են տարանցմանը: Երկու դեպք ունենք ԵԱՏՄ-ում, որտեղ այդ խնդիրը շատ սրվում է, դա Հայաստանն է և Կալինինգրադը: Եվ ռուսական կողմից հետ հաջողվեց ռազմավարության մեջ արձանագրել, որ սրանք հրատապ խնդիրներ են, որոնք լուծման կարիք ունեն»,-ասաց Գրիգորյանը:

Նա նշեց՝ երբեմն, երբ անդամ բոլոր երկրներով պայմանավորվածություն է ձեռք բերվում ինչ-որ միասնական քաղաքականության վերաբերյալ, հանկարծ պարզվում է, որ այդ միասնական քաղաքականությունն իրականացնելիս Հայաստանն ունենում է ասիմետրիկ վիճակ, քանի որ ունի տրանսպորտի կամ գազի մասով տարանցման հատված, որը ենթադրում է ծախս: «Եվ սրան մենք անդրադարձել ենք այն տեսանկյունից, որ եթե մենք միասնականության վերաբերյալ որոշումներ ենք կայացնում, միշտ պետք է հաշվի առնենք, որ, օրինակ, եթե գազի հարցով ի վերջո գանք միասնական սակագների որոշման խնդրին, այդ որոշման մեջ անպայման պետք է Հայաստանի դեպքին առանձին անդրադարձ կատարվի, ու մենք որոշենք, թե ինչպես է հատուցվում մեր հավելյալ ծախսը, որն առաջանում է Վրաստանի տրանզիտի պատճառով: Սա հաջողվեց 2019-ին դարձնել ֆունդեմենտալ խնդիր՝ ռազմավարական մակարդակի, որն ամենաբարձր ատյանով է հաստատվելու»,-ասաց փոխվարչապետը:

Նա նկատեց, որ ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքը ենթադրում է, որ հայկական ավտոմեքենաները Լարսում պետք է սահման չանցնեն, կարծիք հայտնեց, որ եթե Լարսում անցնում են սահման, նշանակում է, որ հայկական կողմի շահերն այնքան էլ պաշտպանված չեն: «Սա նույնպես արձանագրված է, որ պետք է  դնենք կարիդորի ռեժիմ, որը ենթադրում է, որ մաքսային ձևակերպումներ Լարսում և ԵԱՏՄ որևէ երկրում հայկական մեքենան պետք է ուղղակի չանցնի, քանի որ համարվում է ԵԱՏՄ տարածք և պետք է ենթարկվի այդ կանոներին: Այստեղ էլեկտրոնային կապարակնքման գաղափարն է, որն արձանագրված է ամենաբարձր մակարդակով»,-ասաց փոխվարչապետն ու նկատեց՝ երբ լինի միասնական էլեկտրոնային կապարակնքում, այդ խնդիրը ավտոմատ կհամարվի լուծված: