կարևոր
1399 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-11 16:47

Հաստատվեց ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը

Հաստատվեց ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ ծրագիրը նախատեսում է կառավարության աջակցությամբ իրականացնել հանրապետությունում առկա ԽԵԿ-ի համարակալում, հաշվառում, տեղեկատվական էլեկտրոնային բազայի ստեղծում և տվյալների պահպանում: 

2020-2023 թթ. ընթացքում պետական պատվերի հաշվին կհամարակալվի և կհաշվառվի հանրապետությունում առկա ավելի քան 1.5 մլն գլուխ ԽԵԿ, այդ թվում՝ մեկնարկային տարում 800 հազար գլուխ, իսկ հաջորդիվ շուրջ 245 հազար գլուխ տարեկան: Այն կնպաստի ԽԵԿ համարակալման և հաշվառման ինստիտուի կայացմանը, նախիրներում ըստ սեռահասակային կազմի ԽԵԿ-ի գլխաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկատվական բազայի առկայությանը, հանրապետության ողջ տարածքով ԽԵԿ-ի տեղաշարժի վերահսկմանը և հետագծելիության բարելավմանը, հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների ապահովագրության ինստիտուտի կայացման նախադրյալների ստեղծմանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծրագիրը և նշել է. «Ծրագրի իրականացման արդյունքում հստակ կիմանանք երկրում քանի գլուխ խոշոր եղջերավոր անասուն կա: Երկրորդը՝ կլուծենք սննդի անվտանգության և ինչ-որ առումով հետագծելիության հետ կապված խնդիրը: Այսինքն՝ կիմանանք այս համարանիշով կենդանին որ սպանդանոցում մորթվեց, ինչպես առաքվեց և այլն: Իհարկե, այս համատեքստում նաև պատվաստումների և մյուս հարցերի հետ կապված ամբողջությամբ վերահսկելի իրավիճակ կստեղծենք, ինչը շատ կարևոր է»: