27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Կորոնավիրուսի վարակվածության հետ կապված այսօրվա 100-տոկոսանոց կարգապահությունն իր կոնկրետ թվերով արտահայտվելու է ամենաշուտը մեկ շաբաթ հետո: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսինքն այսօր մենք տեսնում ենք մեկ շաբաթ առաջվա մեր կարգապահության մակարդակը: Վարակման դեպքերի 95 տոկոսը գործող կանոնները չպահպանելու հետևանք է: Այսինքն կամ դիմակ չեն կրել, կամ սոցիալական հեռավորություն չեն պահպանել, կամ ձեռքերը պարբերաբար չեն ախտահանել, կամ երեքը միասին»,- ասաց վարչապետը՝ նկատելով, որ վերջին շրջանում լուրջ խնդիր են դառնում հուղարկավորությունների, հոգեհանգիստների ժամանակ կանոնների չպահպանումը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ այստեղ մեծ դեր ունեն ՏԻՄ մարմինները, որոնք ամեն նման դեպքում՝ պետք է հաղորդակցության մեջ մտնեն քաղաքացիների հետ, նրանց ներկայացնելով իրավիճակի ողջ բարդությունը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ հաջորդ խնդիրը «ընդհատակյա» հարսանիքներն են: «Շատ կարեւոր է, որ մեր սիրելի հայրենակիցները չափազանց լուրջ մոտենան խնդրին»,- ասաց վարչապետը:
Պարետատան ռազմավարութունը հետևյալն է. անընդհատ խստացնել և ապահովվել հակահամաճարակային կանոնների պահպանումը: «Դա ենք դիտում որպես կորոնավիրուսի վարակի թվերի անկման հիմնական միջոց:
Կրկին ուզում եմ մեր քաղաքացիներին կոչ անել պահել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն: Անհրաժեշտության դեպքում պետք է կիրառվեն պատժիչ գործողություններ, բայց մենք հավատում ենք, որ դրական դինամիկան բնակչության հետ մեր երկխոսության հետևանք է», - ասաց Նիկոլ Փաշինյանը: