Հայաստանում հունիսի 10-ին արձանագրված կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը նախորդ օրվա 428-ի համեմատ հասել է 566-ի, ինչը բացարձակ թվով նշանակալի աճ է: Այդ մասին կառավարության նիստում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով միաժամանակ, որ հետազոտությունների թիվն էլ մեծ է եղել՝ կատարվել է 2233 թեստ՝ նախորդ օրվա 1751-ի փոխարեն։
«Ցավով պետք է նշեմ, որ ունենք 18 մահվան դեպք, և ընդհանուր մահերի թիվն այսպիսով դառնում է 245։ Երեկվա դրությամբ ունեցել ենք հարաբերականորեն կայուն մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածություն, գումարային ունեցել ենք մոտ 500 հոգի ծայրահեղ ծանր և ծանր հիվանդ, սակայն կարող եմ փաստել, որ մեծ վերակենդանացման բաժանմունքներում ազատվող տեղեր եղել են՝ այդպիսի կարիք ունեցող պացիենտներին տեղավորելու համար»,- ասաց Արսեն Թորոսյանը։
Նախարարի խոսքով՝ վերջին օրերի ամենակարևոր ցուցանիշը հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտների թիվն է։
«Առավոտյան ժամը 9-ի դրությամբ մենք ունենք ընդամենը 32 հոգի, որոնք կարիք ունեն հոսպիտալիզացիայի, որից ընդամենը 4-ն են տանը, մնացած 28-ը այլ հիվանդանոցներում են, սակայն պետք է տեղափոխվեն կորոնավիրուսային բաժանմունքներ կամ հիվանդանոցներ։ Ընդհանուր գնահատականն այն է, որ իրավիճակը շարունակում է մնալ լարված, սակայն հզորությունների զարգացմանը զուգընթաց այդ լարվածությունը կոմպենսացվում է մեր հնարավորությունների աճով, մեր սպասարկման ունակություններով, ինչը, իհարկե, չի նշանակում, որ մենք չպետք է մեր զսպողական միջոցառումները շարունակենք»,- ասաց նախարարը։ Հայաստանում հունիսի 11-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14 669 դեպք, որոնցից 5466-ն` առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 245 դեպք: