կարևոր
2127 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-11 22:50

Հակառակ նախօրեին արած հայտարարությանը, Արցախի նոր իշխանությունները հրաժարվում են հեռարձակել TV5 հեռուտաալիքը

«Արցախկապ» ընկերությունն այսօր վերջապես ստացել է այդ «չարաբաստիկ» սարքը, որի պատճառով ժամանակավորապես ընդհատվել էր 5 հեռուստաալիքների հեռարձակումն Արցախում: Այս մասին հայտնել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը:

«Մասնագետների փոխանցմամբ՝ մինչև կեսգիշեր կկարգավորվեն բոլոր խնդիրները: Բայց այս մի քանի օրերի ընթացքում բարձրացված արհեստական աղմուկը, քաղաքական տարբեր տիպի շահարկումները, կարծում եմ՝ կհամաձայնեք, որ հարիր չէին մեզ: Ի վերջո, ո՞րն էր նպատակը՝ թիրախավորել Արցա՞խը, Արցախի նորընտիր իշխանությունների՞ն, թե՞ լուծել խնդիրը:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը որոշել է առաջնորդվել ԱՀ կառավարության՝ 2020 թվականի փետրվարի 10-ի «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող թվային ձևաչափով հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման գծով ծառայությունների գնման պետական պատվերի ծրագիրը և ցանկը հաստատելու մասին» N 52-Ա որոշմամբ (ի դեպ, Արայիկ Հարությունյանն այդ ժամանակ որևէ պաշտոն չէր զբաղեցնում), որի համաձայն՝ Արցախի հարկատուների հաշվին կհեռարձակվեն միայն ցանկով հաստատված հեռուստաալիքները, որտեղ, ի դեպ, ներառված չեն «5-րդ ալիք»-ը և «Շողակաթ»-ը:

Բացի այդ, հետագա բոլոր տիպի շահարկումներից խուսափելու համար ԱՀ կառավարությունը նախաձեռնել է փոփոխություններ մտցնել հեռուստաալիքների պետական պատվերի ձևավորման կարգում: Ընդ որում, փոփոխությունների կենթարկվեն ինչպես ալիքների ընտրության կարգը, այնպես էլ սոցիալական փաթեթների ձևավորման սկզբունքները:

Նոր կարգն ուժի մեջ մտնելուց հետո առաջարկվելու է հայկական բոլոր հանրապետական ու մարզային հեռուստաընկերություններին Արցախում հեռարձակման թույլտվություն ստանալու համար ներկայացնել հայտեր: Այնուհետև համապատասխան հանձնաժողովը կքննարկի դրանք ու կկատարի ընտրություն 2021 թվականի պետական պատվերը ձևավորելու համար:

Կարծում եմ՝ որոշումներն արդարացի են, ու թեմայի շուրջ նոր զարգացումները մենք կհամարենք միայն սուբյեկտիվ ընկալումների արդյունք՝ նպատակաուղղված Արցախի դեմ քարոզչական ուղիղ արշավ իրականացնելուն»,-գրել է Պողոսյանը: